Մատչելիության հղումներ

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է


Վրաստանի Գարդաբանիի շրջանում մայրուղային գազատարի վթարի պատճառով Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:

«Այսօր առավոտյան Վրաստանի գազատրանսպորտային ընկերության կողմից մենք պաշտոնական հեռախոսագիր ենք ստացել, որով վրացական կողմը հայտնում է Ղազախ-Սագորամո 1000 միլիմետր տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացման մասին, որի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Նա հայտնեց, որ «Հայռուսգազարդ»-ի մասնագետների խումբը արդեն գործուղվել է Վրաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ աջակցություն ցուցաբերելու համար:

«Մեր վրաց գործընկերները հավաստիացնում են, որ աշխատանքները կավարտվեն հնարավորինս կարճ ժամկետում», - ասաց Շուշան Սարդարյանը:

Լրատվական գործակալությունների հաղորդագրություններում որպես վթարի վերացման հնարավոր ժամկետ նշվում է 5 օրը:

«Այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի ստորգետնյա գազապահեստարանի հաշվին», - փոխանցեց «Հայռուսգազարդ»-ի խոսնակը` հավելելով. - «Կարծում եմ, այս իրավիճակներում մենք բազմիցս կարողացել ենք անխափան գազամատակարարումը ապահովել: Սա առաջին դեպքը չէ, երբ վթարի կամ ֆորսմաժորային իրավիճակների հետեւանքով դադարեցվում է հանրապետության գազամատակարարումը: Եվ կարծում եմ, մեր բաժանորդները, մեր սպառողները որեւէ փոփոխություն չեն զգացել»:

Շուշան Սարդարյանը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 1-ից սկսած Հայաստան մտնող գազի միջին օրական ծավալը կազմել է 9 միլիոն խորանարդ մետր, որը, ըստ նրա, «համապատասխանում է սպառման շուկայի պահանջարկին, եւ ապահովված են եղել գազամատակարարման ռեժիմները, այսինքն` ճնշման եւ ռեժիմների հետ կապված մենք որեւէ խնդիր չենք ունեցել»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG