Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Սամվել Նիկոյանը, «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը, ասել է. - «Անկեղծ ասած, դա ինձ քիչ է հետաքրքրում, որովհետեւ յուրաքանչյուր մարդ պետք է անի իր գործը, եթե յուրաքանչյուրն աներ իր գործը եւ քիչ մտածեր, թե մեզ Եվրախորհրդում ինչպես կվերաբերվեն, երեւի Եվրախորհրդում նման խնդիր չէր առաջանա: Մենք պետք է մտածենք մեր երկրի, մեր հասարակության կայունության, ներքին մթնոլորտի մասին եւ ոչ թե այն մասին, թե մեզ ձայնից կզրկե՞ն, թե՞ ոչ: Եվրախորհրդի մոտեցումը ես այսպես եմ հասկանում. մեզ ասում են` չե՞ք ուզում գունավոր հեղափոխվել, մենք ձեզ ձայնից կզրկենք: Եթե ինչ-որ ժամանակ Դավիթ Հարությունյանը չքվեարկի, կարծում եմ, դրանից ողբերգություն չի լինի»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, անդրադառնալով տարեվերջին Մերձավոր Արեւելքում սկիզբ առած ռազմական գործողություններին, գրում է. - «Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորման հերթական զինաբախումը դարձավ յուրահատուկ փորձաքար Մերձավոր-Միջինարեւելյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների համար։ Հակասությունների թնջուկի մեջ, թվում էր, թե համեմատաբար «կառուցողական» կողմը Թուրքիան էր, որը նախօրեին Իսրայելի ու Սիրիայի հաշտեցման միջնորդական ջանքեր էր գործադրում... Բայց արի ու տես, որ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների ձեռնարկումից հետո տարածաշրջանային տերություններից միայն Թուրքիան կորցրեց իր համբերությունը եւ հրեական պետության հետ սկսեց խոսել բացահայտ սպառնալիքների լեզվով»:

Նույն թերթին տված հարցազրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասել է. - «Դեռ երեք տարի առաջ Թուրքիան փորձում էր տարածաշրջանային հակամարտությունները լուծող միջնորդի դեր ստանձնել, ինչը Իսրայելը միանշանակորեն խափանեց: Թուրքիայի այս նկրտումները մերժեց նաեւ Սիրիան»: Թուրքագետի մեկնաբանությամբ, այս զարգացումները պայմանավորված են Թուրքիայի ներքին իրավիճակով. - «Թուրքիայում, իրոք, պարադոքսալ վիճակ է ստեղծվել»:

«Լրագիր» էլեկտրոնային էջը կանխատեսում է. - «Եթե մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան չլուծվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազային հակասությունը, եւ ռուսական գազը չշարժվի դեպի Եվրոպա, ապա շատ հավանական է, որ հին աշխարհամասում առաջանա իրական էներգետիկ ճգնաժամ, եւ եվրոպացիները որոշեն, որ պետք է անցնել խնայողության խիստ ռեժիմի»: Հոդվածագրի կարծիքով, եթե լինում է խնայողության ռեժիմ, ապա առաջնային է դառնում քաղաքացիների գազամատակարարումը. - «Այդ առաջնայնությունն ապահովվելու է ոչ թե ձեռնարկությունների հաշվին»: «Հետեւաբար», - հեգնում է մեկնաբանը, - «եթե գազային թնջուկը չի լուծվում մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան, ապա շատ հավանական է, որ այդ նստաշրջանն անցնի կամ խիստ արագացված եւ կրճատված օրակարգով, կամ չանցնի ընդհանրապես, քանի որ մեծ է հավանականությունը, որ խնայողության ռեժիմի պարագայում առաջիններից մեկը կգազազրկվի Եվրախորհրդի շենքը, ուր տեղի է ունենում ԵԽԽՎ նստաշրջանը»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում ասել է, որ իրենք արդեն մշակել են գործունեության որոշակի պլան, ավարտին են հասցրել մարզային կառույցների ձեւավորման գործընթացը: Թերթը գրում է. - «Նրա խոսքով, այս շրջանում շարունակելու են ձեւավորել աշխատանքային հանձնախմբերը, որոնք կստանձնեն ստվերային կառավարության դեր: Նման երեք հանձնախումբ արդեն ձեւավորվել է, ընթացքի մեջ է նոր հանձնախմբերի ձեւավորումը»: Կոնգրեսի համակարգողը ասել է, որ շարունակելու են նաեւ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ սեփական հետաքննության անցկացումը` հավելելով.- «Մենք արդեն արձանագրել ենք լրջագույն առաջընթաց, բավականին լուրջ փաստեր է հայտնաբերել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հասարակական հանձնախումբը, որի անդամները այդ փաստերը տրամադրել են փաստահավաք խմբին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG