Մատչելիության հղումներ

Ընդդիմության ներկայացուցչի պնդմամբ, ոստիկանության սպայի մահվան պատճառը իրավապահների օգտագործած հատուկ միջոցներն են


Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հասարակական հանձնախմբի համակարգող Սուրեն Աբրահամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանը զոհվել է «իշխանությունների կողմից ոչ ճիշտ օգտագործած հատուկ միջոցների հետեւանքով»:

Աբրահամյանի գնահատմամբ, դատախազությունը փորձել է կոծկել Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները. - «Իշխանությունների կողմից հատուկ միջոցների ոչ պրոֆեսիոնալ, ոչ ճիշտ օգտագործման հետեւանք: Տեսակը իրենք թող պարզեն, այնքան էլ բարդ բան չէ»:

«Բացառվում է, որ ցուցարարների կողմից մարտական նռնակներ են օգտագործվել, եւ տվյալ միջադեպը կապված է մարտական նռնակի հետ», - հավելեց Սուրեն Աբրահամյանը` իր հայտարարությունները հիմնավորելով 7-ի գործում առկա լուսանկարներով ու փորձագետների եզրակացություններով:

Աբրահամյանը ցուցադրեց զոհված սպայի լուսանկարները. նա 76 վնասվածք է ստացել, փորձագետները, սակայն, ընդամենը 3 բեկոր են հայտնաբերել:

«Նախաքննական մարմինը շատ կտրուկ հերքեց, որ հատուկ միջոցներ չեն եղել», - շարունակեց նա: - «Որովհետեւ իրենց ամբողջ փիլիսոփայությունը հիմնված է եղել մարտական նռնակի [ոչ թե հատուկ միջոցների] առկայության վրա»:

Սուրեն Աբրահամյանը պնդեց, որ մարտական նռնակ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարները չեն օգտագործել: Եթե օգտագործեին, ապա, նրա խոսքով, ոչ թե մեկ, այլ մի քանի զոհ կլիներ, քանի որ «ոստիկանական շարքերը խիտ էին»:

Առաջիկայում մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հասարակական հանձնախումբը իր բացահայտումը կփոխանցի նաեւ փաստահավաք խմբին:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG