Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Կառավարությունից սպասումները շատ մեծ են»


Կառավարության այս տարվա առաջին նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ բիզնեսին` խոստանալով արմատական փոփոխություններ խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու ուղղությամբ:

«Իմ ընդհանուր տպավորությունը բազմաթիվ հանդիպումներից, որ տեղի ունեցան Նոր տարվա միջոցառումների ընթացքում, այդ թվում եւ առաջին հերթին` մեր բիզնեսմենների հետ հանդիպումների ժամանակ, այն է, որ մեր կառավարությունից սպասումները մեծ են: Եվ մենք, ձեզ հետ միասին, պարտավոր ենք արդարացնել այդ սպասումները», - դիմելով կառավարության անդամներին, ասաց վարչապետը: - «Ընդ որում, այդ սպասումները մեծ են ոչ միայն ձեռներեցների մոտ, ոչ միայն մեր քաղաքացիների մոտ, այլ նաեւ արտերկրում, սփյուռքում»:

Նրա խոսքով, այս տարվա ամենամեծ անելիքը գործարար ոլորտում է. - «Ձեռներեցները պահանջում են հավասար, թափանցիկ պայմանների ապահովում, եւ առաջին հերթին մատնանշում են խոշոր բիզնեսը: Որ պետությանը չի հաջողվում խոշոր բիզնեսին բերել հարկային դաշտ եւ ապահովել հավասար մրցակցային պայմաններ»:

Աս տեսանկյունից կառավարությունը արմատական փոփոխություններ է խոստանում ընթացիկ տարում:

Վարչապետի խոսքով, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման թիվ մեկ թիրախը խոշոր բիզնեսն է: Եվ որպեսզի խոշոր գործարարներն աշխատեն թափանցիկ եւ նրանց գործունեությունը վերահսկվի, կառավարությունը պատրաստվում է կիրառել խաղի նոր կանոններ, որպեսզի հանրությունը վստահի եւ հավատա գործադիրին:

«Ազգային ժողովը արդեն իսկ հաստատել է միջազգային ստանդարտների մասին մեր կողմից ներկայացված կարեւորագույն օրենսդրական փոփոխությունները: Այն է, որ խոշոր բիզնեսը 2009 թվականի իր գործունեության արդյունքները պետք է, աուդիտի հավաստմամբ, տպագրի մամուլում: Դա նշանակում է, որ խոշոր բիզնեսին նաեւ հասարակությունն է վերահսկելու»:

Ընդդիմության դաշտը ներկայացնող տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խոշոր բիզնեսը ամբողջությամբ հարկային դաշտ բերելու առումով հոռետես է:

«Ես համոզված եմ, որ սա ուղղակի հերթական ակցիան է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը: - «Տիգրան Սարգսյանը միգուցե մտածում է, որ հնարավոր է դա անել, բայց, միանշանակ, հնարավոր չէ: Քանի դեռ գործող համակարգը կա, որի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը, նախկինում` Ռոբերտ Քոչարյանը, դա հնարավոր չէ»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG