Մատչելիության հղումներ

«Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին չի մասնակցում, չունի այս հարցում սեփական արտաքին քաղաքականություն, չունի նաեւ սեփական քաղաքականություն, որը կվարեր գոնե Հայաստանի հետ, եւ այս տեսանկյունից երկու հայկական պետությունները մեծ խնդիր ունեն, որովհետեւ Հայաստանն էլ չունի այդ քաղաքականությունը» - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

2008 թվականի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի երեք խմբակցությունները` «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «Դաշնակցություն - Շարժում 88», համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես, ասված է. - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի լիիրավ եւ ճանաչված կողմ, հակամարտության զինված փուլի հետեւանքների վերացման խնդրում շահագրգռված է այնքանով, որքանով Ադրբեջանը պատրաստակամություն կցուցաբերի ԼՂՀ փաստացի անկախությունը մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում, անտանգության ազգային համակարգի գերակայությամբ ճանաչելու հնարավորության հարցում»:

Արման Մելիքյանի կարծիքով այս, ինչպես նաեւ նախկինում Ղարաբաղի պաշտոնատարների կողմից հնչեցված բազմաթիվ համանման հայտարարությունները «մայնդորֆյան» հռչակագրի անմիջական հետեւանքն են: Դրանով, Մելիքյանի համոզմամբ, Ղարաբաղում փորձում են հասկացնել, որ իրենք ինքնուրույն որոշումներ կայացնող կողմ են եւ տեղի չեն տա երկրի շահերին հակասող ինչ - ինչ պարտադրանքների: Սակայն, ըստ Մելիքյանի` «քանի չկա համարժեք քաղաքականություն այս հայտարարությունները մնում են որպես զուտ հայտարարություն», իսկ ղարաբաղյան կարգավորման խնդրում 2009-ին, կամ երբեւէ առաջընթաց ունենալու համար` «հայակական կողմերը պետք է ակտիվանան եւ իրականացնեն քաղաքական ծրագիր, ինչպես նաեւ փնտրեն դաշնակիցներ, որոնք անպայման կհայտնվեն, եթե նման ծրագիր հայկական կողմերը ի հայտ բերեն»:

Հարցին, թե ի՞նչն է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանականներին հարկադրել տարեվերջին հանդես գալ վերոհիշյալ հայտարարությամբ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, ում ստորագրությունը եւս դրված է հայտարարության տակ, նշեց, որ երբ ղարաբաղյան կարգավորման բանակցություններն ընթանում էին Ռոբերտ Քոչարյան - Հեյդար Ալիեւ ձեւաչափով, որոշակի դրական արդյունքներ էին գրանցվել, օրինակ` փարիզյան սկզբունքները եւ քիուեստյան պայմանավորվածությունները: Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանություն գալուց հետո, ըստ Թովմասյանի` բանակցություններն իջան զրոյական մակարդակի:

«Իլհամ Ալիեւը ռազմատենչ հայտարարություններով իմիտացիայի է վերածել բանակցային գործընթացը», - գտնում է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավարը: - «Դեռեւս այդ ժամանակից սկսած անհրաժեշտություն առաջացավ, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին որպես հակամարտող կողմ»:

Հայտարարության մասին իր տեսակետը հայտնեց նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար, Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի նորաստեղծ խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Ընդհանուր առմամբ ողջունելի համարելով հայտարարությունը, Մայիլյանը նշեց. - «Վերջին ամիսներին շատ հաճախ է խոսվում եւ ակտիվացել է բանակցային գործընթացը: Ընդունվեց «մայնդորֆյան» հռչակագիրը եւ այլն... եւ այդ առումով շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը իր տեսակետը ունենա եւ հայտարարություններով կամ այլ կերպ հանդես գա», - նշեց Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարարը:


Տիգրան Ավետիսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG