Մատչելիության հղումներ

Լիբանանի տարածքից առնվազն երեք հրթիռ է արձակվել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Առայժմ որեւէ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել հրթիռակոծության համար, որը կարող է Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնող Իսրայելի համար երկրորդ ռազմաճակատ բացելու առիթ դառնալ:

«Ասոշիեյթիդ փրես»-ի փոխանցմամբ` այսօր տարածած հայտարարությամբ Լիբանանի կառավարությունը քննադատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռ արձակողներին` նշելով, որ այդպիսով փորձ է արվում «վնասել երկրի կայունությանը»: Լիբանանի տարածքում տեղաբաշխված Միացյալ ազգերի կազմակերպության խաղաղարար ուժերը Իսրայելին եւ Լիբանանին «առավելագույն զսպվածության» կոչ են արել:

Իսրայելի կողմից 2006 թվականին Լիբանանում իրականացված ռազմական գործողություններից հետո առաջին անգամ է, որ այդ երկրի տարածքից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: Միջազգային գործակալությունների տվյալներով, հրթիռները որեւէ լուրջ վնաս չեն պատճառել:

Իսրայելի ռազմական օպերացիան Գազայի հատվածում շարունակվում է արդեն 13 օր: Այսօր իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Գազա-Եգիպտոս սահմանագիծը, որտեղ տեղաբաշխված ստորգետնյա թունելներով, իսրայելական հետախուզության տվյալների համաձայն, մաքսանենգ ճանապարհով զենք եւ զինամթերք է մատակարարվում պաղեստինյան գրոհայիններին:

Այսօր նախատեսվում է Իսրայելի, Համասի եւ Պաղեստինյան կառավարության ներկայացուցիչների հանդիպումը եգիպտական պաշտոնյաների հետ` հրադադարի ֆրանս-եգիպտական առաջարկությունները քննարկելու նպատակով:

Դեկտեմբերի 27-ից մինչ օրս Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են շուրջ 700 պաղեստինցիներ եւ 10 իսրայելցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG