Մատչելիության հղումներ

logo-print
Նոր Տարվա եւ Ծննդյան տոների կապակցությամբ արձակուրդի գնացած հայաստանյան թերթերի մեծ մասը աշխատանքը կվերսկսի հունվարի 8-ից: 2009-ին որոշակի փոփոխություններ են նախատեսվում հայաստանյան թերթերի շուկայում: «Առավոտ» օրաթերթը այսուհետ 8 էջի փոխարեն լույս կտեսնի 16 էջով, սակայն ծավալի հետ միասին կավելանա նաեւ թերթի գինը` դառնալով 150 դրամ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ թերթի գնի ավելացումը արդար է եւ շատ բնական:

«Քանի որ մեր թերթը, վստահ եմ, միակը չէ եւ հետագայում այլ թերթեր նույն քայլին կդիմեն, հետագայում` մոտավորապես մարտին - ապրիլին, ամեն ինչ կկարգավորվի եւ մենք կունենանք մոտավորապես նույն տպաքանակը, որը ունեինք անցած տարվա դեկտեմբերին», - պարզաբանեց «Առավոտ»-ի խմբագիրը:

Մինչ այժմ շաբաթը երկու անգամ լույս տեսնող «Տարեգիր»-ը, ըստ խմբագիր Վասակ Դարբինյանի, ընթերցողին է ներկայանալու արդեն որպես օրաթերթ:

«Գնի թանկացում չենք նախատեսում, նկատի ունենալով, որ թերթի տպաքանակը բավականին ցածր է եւ թղթի թանկացումը նկատելի ազդեցություն չի ունենա մեր ֆինանսական վիճակի վրա», - նշեց Դարբինյանը:

Հայաստանում ամենամեծ տպաքանակով` 8200 օրինակով տպագրվող օրաթերթի` «Հայկական Ժամանակ»-ի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանը նույնպես նշում է, թե առայժմ գին բարձրացնելու մտադրություն չունեն: Ըստ Գեւորգյանի` գնի բարձրացնելը պայմանավորված կլինի միայն ծախսերի ավելացմամբ:

«Եթե ծախսերը չեն փոխվի, մենք թերթի գինը չենք բարձրացնի», - նշեց «Հայկական Ժամանակ»-ի պատասխանատու խմբագիրը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG