Մատչելիության հղումներ

logo-print

Իսրայելի հայերն ապրում են հրթիռակոծության սպառնալիքի ներքո


Գազայի հատվածում Իսրայելի բանակի նախաձեռնած ռազմական գործողությունների արդյունքում ակտիվացել է պաղեստինյան գրոհայինների կողմից իսրայելական քաղաքների հրթիռակոծումը: Մասնավորապես, հրթիռակոծվում է Իսրայելի հարավի ամենախոշոր քաղաքը` Բերշեւան, որը Պաղեստինին սահմանակից ամենահայաշատ քաղաքն է:

Թեեւ քաղաքում մեծ ավերածություններ չեն առաջացել, մարդիկ ստիպված են եղել մի քանի անգամ թաքնվել ռմբապաստարաններում:

Բերշեւայի հայկական համայնքի պատասխանատու Լեւոն Սուքիասյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ այստեղ 15 հայ ընտանիք է ապրում:

«Այսօր ընկավ մի հատ «Գրադ», նորից` բաց տարածքում: Ժողովուրդը լարված վիճակի մեջ են: Հայությունը, ովքեր երկար ժամանակ են ապրում այստեղ, երեւի արդեն սովորել են այդ վիճակին, իսկ նոր եկած հայերը մի քիչ վախենալով ընդունեցին դա», - ասաց Սուքիասյանը:

Մարդիկ այս պայմաններում շարունակում են աշխատանքի գնալ, միեւնույն ժամանակ` փորձում են մշտապես կապի մեջ մնալ հարազատների ու ընկերների հետ, ասաց հայկական համայնքի պատասխանատուն:

Գազայի հատվածում Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելուց 11 օր անց, պաղեստինյան աղբյուրների տվյալներով, զոհվել է ավելի քան 560 պաղեստինցի:

Ռազմական գործողությունների հետեւանքով կորուստներ է ունեցել նաեւ իսրայելական բանակը: Լրատվական գործակալությունները հաղորդում են առնվազն 8 իսրայելցի զինվորների մահվան մասին:


Արտյոմ Չերնամորյան, Թել Ավիվ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG