Մատչելիության հղումներ

Կասեցվել է ռուսական գազի մատակարարումը մի շարք եվրոպական երկրներ


Oգտագործված ռուսական գազի համար կուտակված պարտքի վճարումների եւ գնի շուրջ ծավալված ռուս-ուկրաինական վեճի հետեւանքով այս գիշեր կասեցվել կամ շեշտակի նվազեցվել է գազի մատակարարումը մի շարք եվրոպական երկրներ:

«Ռոյթերզ» գործակալությունը հաղորդել է, որ բուլղարական պաշտոնյաների տեղեկություններով` կասեցվել է ռուսական գազի մատակարարումը Բուլղարիա, Թուրքիա, Հունաստան եւ Մակեդոնիա:

Խորվաթիան նույնպես տեղեկացրել է ռուսական գազի մատակարաման կասեցման մասին: Ավելի քան երկու-երրորդով կրճատվել է նաեւ Ռումինիա, Հունգարիա եւ Ավստրիա հասնող գազի ծավալը:

Եվրամիությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ անելով «անհապաղ վերսկսել բանակցությունները եւ վերջնականապես լուծել իրենց երկկողմանի առեւտրային վեճը»: Եվրամիությունը կոչ է արել անհապաղ վերսկսել գազի մատակարարումը Եվրոպա:

«Առանց նախազգուշացման եւ ի հակադրություն Եվրամիությանը` Ռուսաստանի եւ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության կողմից տրված հավաստիացումներին, Եվրամիության մի շարք անդամ երկրների գազամատակարարումը զգալիորեն նվազել է», - ասված է հայտարարության մեջ:

Հունվարի 1-ից «Գազպրոմ»-ը դադարեցրել է Ուկրաինային գազի մատակարարումը` ավելի քան 2 միլիարդ դոլարի պարտքը վճարելու պահանջով: Բացի այդ, Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է գազի դիմաց եվրոպական գին վճարել` հազար խորանարդ մետրի համար 418 դոլար. նախորդ տարի հազար խորանարդ մետր գազի դիմաց Ուկրաինան վճարում էր 179 դոլար 50 սենթ:

Պաշտոնական Կիեւը չհիմնավորված է համարում ռուսական կողմի ֆինանսական պահանջներն ու գազի գնի բարձրացումը` իր հերթին ասելով, թե բարձրացնում է իր տարածքով ռուսական գազի տարանցման գինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG