Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյան. «Մարտի 1»-ի հանձնաժողովի գործունեությունը 2009-ին եւս հրապարակային կլինի»


Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը 2009 թվականին եւս շարունակելու է փաստեր հավաքել, բարձրաստիճան պաշտոնյաների հրավիրել, նրանց հրապարակային հարցեր ուղղել եւ հրապարակային դարձնել պատասխանները: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

«Հանձնաժողովը շարունակելու է իր գործողությունը այդ ուղղությամբ, բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք որեւէ առնչություն ունեն «Մարտի 1»-ի հետ, հրավիրել եւ պարզաբանումներ ստանալ այդ իրադարձությունների վերաբերյալ», - ասաց նա` հավելելով. - «Կարծում եմ, շատ կարեւոր է, որպեսզի բոլոր այդ հարցերը եւ պատասխանները լինեն հրապարակային, որպեսզի հանրությունը իմանա այդ ամենը, որ վաղը, որ որեւէ եզրակացություն է անում հանձնաժողովը, արդեն հանրության համար դա նորություն չլինի»:

Հանձնաժողովի ամենաբարդ խնդիրը, Սամվել Նիկոյանի հավաստմամբ, մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների մահվան հանգամանքների ուսումնասիրությունն է: Փաստահավաք խմբի ստեղծումից հետո խորհրդարանական հանձնաժողովը, ըստ Նիկոյանի, «փոքր-ինչ այդ ուղղությամբ իր գործունեությունը թուլացրեց». - «Ոչ թե թողել ենք [Փաստահավաք խմբին], այլ կուզենայինք, որ նրանք շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն այդ խնդիրներին, որովհետեւ մնացածը, ըստ էության, կատարված է, փաստերը հանձնաժողովը ունի, տիրապետում է: Այս հարցում շատ գործ կա անելու: Մենք կանենք հրապարակային, իրենք թող անեն այնպես, ինչպես կարող են, որովհետեւ իրավաբաններ են, մասնագետներ են, իրենց հիմնական աշխատանքը դա է, դրանով զբաղվում են նրանք»:

«Հանձնաժողովը, իհարկե, ցանկություն ունի «Չերյոմուխա-7»-ի այն կապսուլաները, որոնք հանդիսացել են մահվան պատճառ, որեւէ երկրում փորձաքննության ենթարկել իդենտիֆիկացիայի համար: Մենք Ռուսաստանից խնդրել ենք նաեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են «Չերյոմուխա-7»-ի կիրառման անվտանգությանը, կիրառման կանոններին, պահպանման կանոններին, պահպանման ժամկետին, մի խոսքով` բոլոր տեխնիկական տվյալները, որը վերաբերում է «Չերյոմուխա-7»-ին: Եթե մենք ստանանք այդ փաստաթղթերը` հրապարակային կուսումնասիրենք եւ կուղարկենք պետական մարմիններին, նախաքննական մարմնին, ու դրանից հետո մենք կանենք մեր հետեւությունը այդ հարցում», - ասաց Սամվել Նիկոյանը: - «Այսինքն, սա կոնկրետ քայլեր են, որոնք հանձնաժողովը հրապարակային իրագործում է` մահվան հանգամանքների ուսումնասիրության հարցում»:

Դա, ըստ նրա, արդեն 2009 թվականի առաջին նիստերի օրակարգի հարց է. - «Որովհետեւ ես ակնկալում եմ, որ մենք մինչեւ հունվար ամսվա կեսերը կստանանք գոնե այն հարցերի պատասխանը, որոնք վերաբերում են «Չերյոմուխա-7»-ի տեխնիկական տվյալներին, անվտանգության պահպանմանը, օգտագործման անվտանգությանը կամ նշանակությանը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG