Մատչելիության հղումներ

Եվրամիության երկրների ներկայացուցիչները Բրյուսելում կքննարկեն ռուսական գազի մատակարարումների խնդիրը


Այսօր Եվրամիության անդամ 27 երկրների ներկայացուցիչները Բրյուսելում արտահերթ նիստ են անցկացնելու` քննարկելու ռուսական գազի մատակարարումների խնդիրը:

Գազի մատակարարման շուրջ ռուս-ուկրաինական վեճը արդեն ազդեցություն է թողնում Եվրոպայի վրա: Շաբաթ օրը Եվրամիության անդամ Lեհաստանը, Ռումինիան, Հունգարիան, Բուլղարիան հայտարարեցին, որ նախատեսվածից քիչ գազ են ստանում:

Հունվարի 1-ից «Գազպրոմ»-ը դադարեցրել է Ուկրաինային գազի մատակարարումը` ավելի քան 2 միլիարդ դոլարի պարտքը վճարելու պահանջով: Բացի այդ, Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է գազի դիմաց եվրոպական գին վճարել` հազար խորանարդ մետրի համար 418 դոլար. նախորդ տարի հազար խորանարդ մետր գազի դիմաց Ուկրաինան վճարում էր 179 դոլար 50 սենթ:

Պաշտոնական Կիեւը չհիմնավորված է համարում ռուսական կողմի ֆինանսական պահանջներն ու գազի գնի բարձրացումը` իր հերթին ասելով, թե բարձրացնում է իր տարածքով ռուսական գազի տարանցման գինը:

Այս վեճի պատճառով տուժում է Եվրոպան: Ռուսական կողմը պնդում է, թե Ուկրաինան օգտագործում է եվրոպական երկրների համար նախատեսված գազը: Ուկրաինական կողմը հերքում է այս մեղադրանքները` ասելով, թե Ռուսաստանը ինքն է կրճատել գազի առաքման ծավալները:

«Գազպրոմ»-ի գործողությունները ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը համարում է սպառնալիք` ուղղված Ուկրաինայի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգության դեմ:

Էներգետիկ հարցերով Ուկրաինայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Բոգդան Սոկոլովսկին հայտարարել է, որ եթե «Գազպրոմ»-ը շարունակի սահմանափակել մատակարարվող գազի ծավալները, ապա 10-15 օրից հնարավոր է տեխնիկական խնդիրներ առաջանան ուկրաինական խողովակաշարերում, եւ այդ պատճառով եվրոպական ուղղությամբ գազի առաքումը կարող է ընդհատումներ ունենալ:

Եվրոպան գազի մոտ 40 տոկոսը ստանում է Ռուսաստանից: Բացի Ուկրաինայից, մեկ այլ ճանապարհ կա` Բելառուսի տարածքով, սակայն այնտեղ գազատարի տարամագիծը փոքր է, թողունակությունը` ցածր:

Հունվարի 1-ից Եվրամիությունում նախագահում է Չեխիան: Այսօրվա հանդիպման նախօրեին Պրահայում Չեխիայի իշխանությունների հետ բանակցել է «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը:

Հանդիպումից հետո Չեխիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վոնդրան ասել է. - «Ցանկանում եմ հստակ հայտարարել, եւ սա համընկնում է Եվրահանձնաժողովի տեսակետին. մենք հրաժարվում ենք այս վիճաբանության մասնակիցը լինել կամ դատավորի դեր ստանձնել: Մենք հարցը դիտարկում ենք որպես կոնֆլիկտ բիզնեսի ոլորտում: Ռուսաստանի պարտավորությունները Չեխիայի եւ Եվրամիության անդամ մյուս պատվիրատուների նկատմամբ պետք է կատարվեն: Եվ ես ուրախ եմ, որ Ալեքսանդր Մեդվեդեւը հավաստիացրեց մեզ, որ դա կկատարվի»:

Չեխիայի փոխվարչապետը հավելել է, որ եվրոպական երկրները դեռ բավարար չափով պահեստավորված գազ ունեն, սակայն խնդրի ձգձգվելու դեպքում իրավիճակը կարող է վատանալ:

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները գազի խնդիրը քննարկելու են նաեւ երեքշաբթի օրը Պարահայում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG