Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչները ամփոփում են անցած տարին


2008 թվականի գլխավոր իրադարձությունը, միեւնույն ժամանակ` դժբախտությունը, մարտի 1-2-ի դեպքերն էին: Տարին ամփոփելով` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք են հայտնել թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր քաղաքական գործիչները: Իսկ 2009 թվականի գլխավոր խնդիրը` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանն է, որտեղ Հայաստանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գտնում է, որ անցած տարվա ընթացքում կորուստները տեղի են ունեցել այն պատճառով, որ «գործող իշխանությունը ուզեցել է ամեն գնով պահել իշխանությունը»:

«Իրենց բարեկեցության համար կրակեցին մարդկանց վրա, հորինած քաղաքական գործեր ստեղծեցին, որոնք փորձում են դատարաններում ինչ-որ կերպ ցուցադրել», - հայտարարեց Արամ Սարգսյանը: - «Ունեցանք նաեւ ձեռքբերումներ` դա հիմնականում շարժումն էր, որը ձեւավորվեց ընտրություններից հետո եւ իշխանության հստակ ալտերնատիվ դարձավ»:

Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ամեն ինչ պետք է անել, որ ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում «քաղբանտարկյալներ» տերմինը վերջնական փաստաթղթում տեղ չգտնի, իսկ Հայաստանը` խուսափի պատժամիջոցներից: Ռուստամյանի կարծիքով` ԵԽԽՎ-ի սանկցիաների կիրառումը Հայաստանի նկատմամբ արդար չի լինի:

«Վերջին մի քանի ամիսներին շատ լրջագույն քայլեր ձեռնարկվեցին: Մասնավորապես` ստեղծվեց Փաստահավաք խումբը: Նախագահը պատրաստ է լայնորեն կիրառել ներման պրակտիկան: Դժվարությունը այն է, որ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ չտեղավորվեցինք այդ ժամկետների մեջ», - նշեց Արմեն Ռուստամյանը, որը հարցի լուծման լավագույն ճանապարհը համարում է համաներումը:

«Այդ հոդվածները [որոնցով մեղադրանքներ են ներկայացվել ընդդիմադիր գործիչներին եւ ակտիվիստներին] այնպիսին են, որ իրենց մեջ միախառնված պարունակում են թե’ քաղաքական, թե’ քրեական տարրեր: Այս շփոթը, այս վեճը` իրավական, կամ քվազի-իրավական, վերացնելու համար անհրաժեշտ է քաղաքական միջամտություն», - պարզաբանեց Ռուստամյանը:

Եթե Հայաստանը քայլեր չձեռնարկի ԵԽԽՎ-ի պահանջները կատարելու ուղղությամբ, վեհաժողովը պարտավոր է հայաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, - կարծում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: «Որովհետեւ Հայաստանն ինքն է ցանկացել մտնել ԵԽԽՎ, եւ ես զարմանում եմ այսօրվա հայ պաշտոնյաների մոտեցումներից, որ ասում են, թե [ԵԽԽՎ-ն] կրկնակի ստանդարտներ է օգտագործում», - ընդգծեց նա:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG