Մատչելիության հղումներ

Սարգիս Հացպանյանի կալանքը երկարացվեց երկու ամսով


Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Աղաջանյանի միջնորդությունը եւ երկու ամսով երկարացրեց Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի կալանքի ժամկետը:

Հացպանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ բացի նախաքննությունից խուսափելու վերաբերյալ պնդումներից` Ազգային անվտանգության ծառայության քննիչը ներկայացրել է նաեւ այլ հիմքեր:

«Նյութեր են նախապատրաստվել պարոն Հացպանյանի հղած դիմումի հիման վրա` իրեն ահաբեկելու եւ վիրավորելու վերաբերյալ եւ այդ նյութերը միացվել են սույն քրեական գործին, ինչպես նաեւ` պարզվել է, որ Սարգիս Հացպանյանը դեռեւս 1996 թվականի հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պարգեւատրվել է Colt Special-38 տեսակի ատրճանակով եւ այդ ատրճանակի ճակատագրի հետ կապված` քննություն է տարվում», - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Արսենյանը:

Սարգիս Հացպանյանի պաշտպանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում` 2009 թվականի առաջին աշխատանքային օրը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG