Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ազգային հեռուստառադիոխորհուրդը այսօր որոշում է կայացրել հանրային հաճախականություններով «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանների թողարկումները դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը հրապարակել է խորհրդի նախագահ Նուշիրեւան Մաղերամլին:

Մաղերամլին երեկ հայտարարել էր, թե որոշումն ուժի մեջ է մտնելու անմիջապես, ինչը նշանակում է, որ 2009 թվականից այս ռադիոկայանները կեթերազրկվեն:

«Ազգային հաճախականությունները պետք է տրամադրվեն միայն տեղական ընկերություններին», - պատճառաբանել է խորհրդի ղեկավարը եւ արեւմտյան լրատվամիջոցներին առաջարկել եթերը շարունակել արբանյակային հեռարձակմամբ, կաբելային կապով եւ ինտերնետով:

Միջազգային կառույցները, պաշտոնական Վաշինգտոնն ու Եվրամիության ներկայացուցիչները բազմիցս քննադատել էին Ադրբեջանի իշխանությունների այս մտադրությունը եւ հորդորել պաշտոնական Բաքվին երկարաձգել օտարերկրյա ընկերությունների հետ կնքված պայմանագրերը: «Այս քայլը հսկայական հարված կհասցնի Ադրբեջանում մամուլի ազատությանը եւ բազմակարծությանը», - հայտարարել էր, մասնավորապես, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Էնն Դերսին: «Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էլ փաստել էր` եթե պաշտոնական Բաքուն արեւմտյան ռադիոընկերությունների հեռարձակումը դադարեցնելու որոշում կայացնի, ապա ցույց կտա, որ իր համար գերակայությունը խոսքի սահմանափակումն է, ոչ թե ազատությունը:

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ժխտում են խոսքի ազատությունը սահմանափակելու մասին մեղադրանքները եւ հակադարձում` արդյո՞ք Ադրբեջանի իշխանություններին դատապարտող երկրները իրենց հանրային հաճախականությունները տրամադրում են օտարերկրյա հեռարձակողներին:

«Մենք աշխատում ենք եւ կաշխատենք միջազգային չափանիշներին համապատասխան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը եւ ընդգծել. - «2001 թվականից` Եվրախորհրդին անդամակցելուց հետո Ադրբեջանը հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը համապատասխանեցնում է Եվրախորհրդի չափանիշներին: Դրանցից մեկն էլ պահանջում է կարգավորել այս ոլորտը եւ ազգային հաճախությունների տրամադրումը: Մենք ապօրինի որեւէ քայլ չենք կատարում»:

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը անցած ամիս հորդորել էր Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ արեւմտյան լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մտադրությունից:

Մեկնաբանելով Ադրբեջանի հեռուստառադիոխորհրդի այսօրվա որոշումը` «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը հայտարարել է. - «Կարծում եմ, դա խորապես հիասթափեցնող է, եւ ամենից առաջ, գլխավորապես` Ադրբեջանի ժողովրդի համար: Մեզ այնտեղ գիտեն որպես անկախ, վստահելի, ճշգրիտ նորությունների եւ տեղեկատվության աղբյուր: Մեզ եւ մյուսներին` «Ամերիկայի ձայն»-ը, BBC-ն եթերից դուրս մղելու որոշման հետեւանքով մարդիկ այդ երկրում կզրկվեն կարեւոր տեղեկատվությունից, ինչին նրանք պետք է արձագանքեն եւ հակազդեն, քանի որ ձգտում են դառնալ եւ կառուցել քաղաքացիական հասարակություն»:


Հեղինե Բունիաթյան եւ Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG