Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչ. «Կարեւոր է, որ վերջնական դատական ակտը ընդունելի լինի հայ հասարակության համար»


Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության արդյունքներին, դատաքննությանը եւ դրա ձգձգումներին վերաբերող հարցեր են քննարկվել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Դեսպանը կարեւորել է օբյեկտիվ եւ հրապարակային դատավարության անցկացումը, դատավարության բոլոր կողմերի համար հավասարության ապահովումը, մեղադրյալների իրավունքների հարգումն ու բռնությունների բացառումը:

«Շատ կարեւոր է, որ վերջնական դատական ակտը ընդունելի եւ ընկալելի լինի հայ հասարակության համար», - շեշտել է Մարի Յովանովիչը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ շարունակվում է մարտի 1-2-ի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի հիմնական խնդիրներից է ոստիկանության, առանձին ոստիկանների գործողությունների պարզումն ու դրանց իրավական գնահատական տալը: Նա նշել է, որ առանձին հարցերի պարզաբանման հարցում քննությունն ունի միջազգային փորձի ուսումնասիրության, փորձագետների օգնության կարիքը:

Դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` դեսպանը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները չունի այնպիսի սարքավորումներ եւ մեթոդոլոգիա, որը թույլ կտար փորձագիտական աջակցություն ցուցաբերել` ոստիկանության կողմից զանգվածային անկարգությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցների նույնացման աշխատանքներում:

Աղվան Հովսեփյանը ներկայացրել է նախաքննության արդյունքները, տրամադրել վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 140 անձի, որոնցից 111-ի վերաբերյալ նյութերը ուղարկվել են դատարան, 26 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նրանց մասով քրեական գործը` կարճվել: Ներկայումս քրեական գործով նախաքննության փուլում մեղադրյալի կարգավիճակում են գտնվում 3 անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին, եւս 5 մեղադրյալ գտնվում են հետախուզման մեջ, իսկ նախնական կալանքի տակ գտնվող անձինք չկան:

Դատարան ուղարկված 90 քրեական գործերից դատավճիռներ են կայացվել 101 անձի վերաբերյալ՝ 87 քրեական գործով, որոնցից 5-ը արդարացվել են, մեկ անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է տուժողի հետ հաշտվելու պատճառով, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանքը, 38-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան, 52 անձ դատապարտվել է ազատազրկման: Դատական ակտեր չեն կայացվել 3 քրեական գործով՝ 10 անձի վերաբերյալ, որոնցից մեկ քրեական գործով 7 անձի վերաբերյալ դատավարությունը դեռեւս գտնվում է սկզբնական փուլում:

Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության կողմից «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցների կիրառման հետեւանքով գրանցվել է մարդկային 3 զոհ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG