Մատչելիության հղումներ

Սարգիս Հացպանյան. «Հացադուլն անում եմ հանուն Հայաստանի քաղաքացիների ազատության ձեռք բերման»


«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը արդեն 29 օր գտնվում է հացադուլի եւ 4 օր ջրադուլի մեջ: Հացպանյանը այսպիսի միջոցներով բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործի դեմ, պահանջում է փոխել իր խափանման միջոցը` կալանքը, եւ ազատ արձակել հետընտրական զարգացումների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիր գործիչներին:

«Ես իմ հացադուլն անում եմ հանուն Հայաստանի քաղաքացիների ազատության ձեռք բերման», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ֆրանսահայ ազատամարտիկը:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը կալանքի տակ է նոյեմբերի 10-ից: Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով (սուտ մատնություն):

«Դիմել եմ գրավոր: 38 հատ նամակ եմ գրել 20 օրվա ընթացքում: Արդարադատության նախարարությունը ընդհանրապես չի անդրադարձել կամ ընդառաջել իմ ոչ մեկ խնդրանքին», - ասաց Հացպանյանը:

Դեկտեմբերի 27-ին ազատամարտիկին են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Արդարադատության նախարարին է հասցեագրել նամակ, որով խնդրել է բարելավել Սարգիս Հացպանյանի մեկուսարանի պայմանները: Հացպանյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությունից հետո ոչինչ չի փոխվել:

Այսօր Հայ ազգային կոնգրեսը նույնպես դիմել է Հացպանյանին, կոչ անելով «դադարեցնել կյանքի համար ծայրահեղ վտանգավորության սահմանագծին հասած տեւական հացադուլը»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG