Մատչելիության հղումներ

Կտրուկ սրվել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում


Անցած շաբաթավերջին Իսրայելի օդուժը երկու օր շարունակ ռմբակոծեց Պաղեստինի ինքնավարության Գազայի հատվածը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 280 մարդ:

Իսրայելը հայտարարեց, որ այդ հարվածները պատասխանն են «Համաս» խմբավորման գործողությունների, որոնք Գազայի հատվածից հրթիռակոծում են Իսրայելի հյուսիսային բնակավայրերը:

Գազայի հատվածը չի ենթարկվում Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին: Պաղեստինյան երկու հիմնական ռազմականացված կազմակերպությունների` Աբասին ենթարկվող «Ֆաթհ»-ի եւ ավելի ծայրահեղական «Համաս»-ի միջեւ անցյալ տարի բախում տեղի ունեցավ: «Համաս»-ը, որը 2006 թվականի խորհրդարանական ընտրություններում այստեղ հաղթանակի էր հասել, փաստացի գրավեց Գազայի հատվածը եւ հաստատեց իր իշխանությունը:

Երեկ Իսրայելի օդուժը հարվածներ հասցրեց Եգիպտոսի եւ Գազայի հատվածի միջեւ փորված թունելներին, որոնցով, Իսրայելի իշխանությունների պնդմամբ, «Համաս»-ը զենք եւ զինամթերք է ստանում: Պաղեստինի ներկայացուցիչները հաստատեցին, որ տասնյակ թունելներից երեքը ոչնչացված են:

Կիրակի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջեց անհապաղ դադարեցնել բռնությունները Գազայի հատվածում եւ սկսել այդ տարածքի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործը:

Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան կիրակի օրը Եգիպտոսում ասաց, թե «հիմա գլխավոր խնդիրը բռնությունները Գազայում, Պաղեստինի դեմ ագրեսիան դադարեցնելն է»:

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, խոսելով Վատիկանում, նույնպես դատապարտեց բռնությունները:

«Ես աղոթում եմ, որ բռնությունները ավարտվեն, եւ վերականգնվի խաղաղությունը Գազայի հատվածում», - ասաց Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետը` դատապարտելով բռնության ցանկացած դրսեւորում:

Իրանի կրոնական առաջնորդները մահմեդական երկրներին կոչ արեցին «սրբազան պատերազմ» սկսել Իսրայելի դեմ:

Իսրայելի պաշտոնյաները հայտարարեցին, թե ռազմական գործողությունները կշարունակեն, քանի դեռ ապահովված չէ երկրի քաղաքացիների անվտանգությունը: Իսրայելը հայտարարեց, որ զորակոչում է 6 հազար 500 պահեստազորայինների:

Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը:

«Մենք խորը մտահոգությամբ հետեւում ենք Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց ընթացքում արդեն զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Հույս ենք հայտնում, որ բռնությունները կդադարեցվեն եւ անհապաղ բանակցություններ կսկսվեն բոլոր վիճելի խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար», - ասված է հայտարարությունում, որը տարածել են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:


Հրաչ Մելքումյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG