Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կարգադրություն է ստորագրել Uեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով ստեղծելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` կարգադրությամբ հաստատվել է հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը:

Հանձնաժողովում, որը գլխավորելու է Հայաստանի անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը, ընդգրկված են տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, «Սեւան» ազգային պարկի տնօրենը, Գեղարքունիքի մարզպետը, հանրապետության նախագահի օգնականը, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ, փոխնախարարներ, այլ պաշտոնյաներ, պատգամավորներ, գիտահետազոտական ինստիտուտների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախագահը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

«Սեւանի եւ նրա հետ կապված խնդիրների լուծումը մեզ համար ունի կենսական նշանակություն։ Այն ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով կապված է բազմաթիվ ոլորտների հետ՝ բնապահպանություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, ձկնարդյունաբերություն, խմելու ջուր եւ այլն։ Սեւանը, առանց չափազանցության, Հայաստանի ամենաթանկ ռեսուրսներից մեկն է, որն առաջիկա տասնամյակներում է՛լ ավելի է թանկանալու, եւ նրա նշանակությունը գնալով միայն ու միայն ավելանալու է», - ընդգծել է նախագահը: - «Բնության այս պարգեւը մենք պետք է կարողանանք հավուր պատշաճի պահպանել, զարգացնել, եւ մյուս կողմից՝ անկասկած, խելամտորեն ու լիարժեքորեն օգտագործել»։

Նա նշել է, որ Սեւանի պահպանման գործում վերջին տասը տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել. - «Այդ ժամանակահատվածում է շահագործման հանձնվել Որոտանի հիդրոհանգույցը, Սեւան-Հրազդան կասկադի բոլոր ՀԷԿ-երը փոխադրվել են իրիգացիոն ռեժիմի, սա նշանակում է, որ ոռոգման սեզոնից դուրս միայն էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով Սեւանից ջուր բաց չի թողնվել, որոշ չափով կարգավորվել է լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու չափաքանակների խնդիրը: Դրա շնորհիվ 2008 թվականին 2002 թվականի համեմատությամբ լճի մակարդակը բարձրացել է մոտ 2,5 մետրով: Չափազանց կարեւոր էր նաեւ Սեւանի մասին օրենքի ընդունումը»:

«Այսօր մենք պետք է կարողանանք առավել մեծ ջանքեր ուղղել Սեւանի խնդիրների լուծմանը: Կարծում եմ, հանձնաժողովը դառնալու է այս գործընթացի հզոր շարժիչը: Ես հենց այդպիսի ակնկալիքներ ունեմ: Այս ուղղությամբ մենք էական արդյունքներ պետք է կարողանանք արձանագրենք արդեն 2009 թվականի ընթացքում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Այնուհետեւ նախագահն առանձնացնել մի շարք խնդիրներ, որոնք պետք է լինեն հանձնաժողովի աշխատանքի հիմնական առարկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG