Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից Չեխիան կստանձնի Եվրամիության նախագահությունը


2009 թվականի հունվարի 1-ից Չեխիան կստանձնի Եվրամիության նախագահությունը` «Եվրոպա` առանց սահմանների» կարգախոսով:

Ըստ փորձագետների` կարգախոսը պատահական չի ընտրվել. իր վեցամսյա նախագահության ընթացքում Չեխիան փորձելու է ընդգծել Բալկանների կարեւորությունը եվրոպական ընտանիքի համար, խթանել Եվրամիությանը Խորվաթիայի եւ Սերբիայի անդամակցության գործընթացը, ինչպես նաեւ նոր ծրագիր սկսել նախկին խորհրդային մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի հետ:

Մասնավորապես, ակնկալվում է, որ հենց Չեխիայի նախագահության ընթացքում` եկող տարվա մարտին, Եվրամիության երկրների ղեկավարները վերջնական որոշում կկայացնեն Հարավային Կովկասի երեք երկրների, Բելառուսի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ Արեւելյան գործընկերության ծրագիրը սկսելու շուրջ:

Նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ դրվեց այս տարվա սկզբին` Լեհաստանի եւ Շվեդիայի կողմից, նախատեսում է խորացնել տնտեսական եւ քաղաքական համագործակցությունը այս երկրների հետ, ազատ առեւտրի գոտի ստեղծել, վերացնել վիզային սահմանափակումները զբոսաշրջիկների համար եւ խթանել կրթական ու մշակութային կապերը:

Ծրագիրը նախատեսում է նաեւ զգալիորեն ավելացնել ֆինանսական աջակցությունը եւ, միաժամանակ, հավակնորդ երկրներից պահանջում է մի շարք ժողովրդավարական եւ օրենսդրական բարեփոխումներ:

Ակնկալվում է, որ Չեխիայի նախագահության ընթացքում Եվրամիությունը Պրահայում հատուկ խորհրդաժողով կանցկացնի նախկին խորհրդային այս 6 երկրների մասնակցությամբ եւ խնդրի շուրջ վերջնական որոշում կկայացնի:

Անդրադառնալով նախագահության ընթացքում նախատեսվող մյուս ծրագրերին` Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը «Ֆրանսպրես»-ին ասել է. - «Մենք կանենք ամեն հնարավորը` Եվրոպային հուզող խնդիրները արագ եւ արդյունավետ լուծելու համար, կաշխատենք լսել եւ մերձեցնել բոլորի տեսակետները»:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Չեխիայի գերակայություններն են լինելու տնտեսական ճգնաժամի հաղթահարումը եւ էներգետիկ անվտանգության ապահովումը:

«Մենք ուշադրությամբ ենք հետեւում գազի մատակարարման շուրջ այժմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սրվող հարաբերություններին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանից կարող է տուժել նաեւ Եվրոպան», - ասել է Չեխիայի վարչապետն ու կանխատեսել. - «Հնարավոր է, որ այս տարաձայնությունը դառնա Չեխիային նետված առաջին մարտահրավերներից մեկը»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG