Մատչելիության հղումներ

Առնվազն 19 զոհ` Եվպատորիայում բնակելի շենքի պայթյունի հետեւանքով


Առնվազն 19 մարդ է զոհվել Ղրիմի Եվպատորիա քաղաքի բնակելի շենքերից մեկում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին այսօր հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարության տվյալներով` փլատակների տակ դեռեւս կարող է գտնվել շուրջ երկու տասնյակ մարդ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ավերված հինգհարկանի շենքի բնակարաններում գրանցված է 62 բնակիչ, որոնցից արդեն փրկվել են 21-ը:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության 300-ից ավելի փրկարարներ, ոստիկանության, պաշտպանության նախարարության, քաղաքային ծառայությունների շուրջ 300 աշխատակիցներ, գործի է դրվել 87 միավոր տեխնիկա:

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակի վկայությամբ` գազի պայթյունի մասին նախնական վարկածը չի հաստատվել, եւ իշխանությունները ներկայումս պարզում են տեղի ունեցածի պատճառները:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն դեկտեմբերի 26-ը երկրում հայտարարել է սգո օր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG