Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը պահանջում են ապահովել Փաստահավաք խմբի անդամների անվտանգությունը


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ «Ժառանգություն» կուսակցությունը երեկ վերահաստատել են մարտի 1-2-ի իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբին «այլ, չեզոք մի տեղում» աշխատավայր տրամադրելու իրենց պահանջը, ինչպես նաեւ պահանջել են ապահովել Փաստահավաք խմբի անդամների անձնական անվտանգությունը:

Համատեղ հայտարարությունում կոնգրեսը եւ «Ժառանգություն»-ը վստահեցնում են, թե տեղին էին նոյեմբերի 20-ին իրենց արտահայտած մտահոգությունները, որ «Ազգային ժողովի շենքում ապահովված չեն վկաների ինքնության չբացահայտման, վկաներին եւ փորձագետներին տարատեսակ ազդեցություններից զերծ պահելու պայմանները». - «Նախապես մեզ դիմած բազմաթիվ վկաներ, անվստահություն ունենալով ոչ թե Փաստահավաք խմբի, այլ նրա աշխատավայրի նկատմամբ, հրաժարվում են տեղեկատվություն եւ վկայություն տրամադրելուց՝ զգուշանալով բացահայտվելու ու հետապնդումների ենթարկվելու հեռանկարից»:

Միաժամանակ, հայտարարության հեղինակների համոզմամբ, «հաշվի առնելով, որ Փորձագետների փաստահավաք խմբի անդամները գործունեության մեկ ամսվա ընթացքում կուտակել են մեծաքանակ արժեքավոր տեղեկատվություն, որ էական է մարտիմեկյան ոճրագործության բացահայտման համար, ինչպես նաեւ այն, որ մինչեւ օրս բացահայտված եւ պատասխանատվության կանչված չեն մարտի 1-ին անմիջականորեն սպանություն կատարած ու նրանց հրաման տված անձինք ու պաշտոնյաները, անհրաժեշտություն է առաջացել ապահովելու Փորձագետների փաստահավաք խմբի անդամների անձնական անվտանգությունը»:

«Փաստահավաք խմբի անդամներից յուրաքանչյուրի հետ հնարավոր որեւէ միջադեպի ուղղակի պատասխանատվությունը կկրեն իշխանությունները եւ գործող նախագահն անձամբ», - հայտարարում են Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG