Մատչելիության հղումներ

Միխայիլ Կասյանով. «Ֆինանսատնտեսական ճգնաժամի առավել ծանր հարվածները Ռուսաստանը կզգա 2009-ի սկզբին»


Ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր, առավել ծանր հարվածները Ռուսաստանը կզգա արդեն 2009 թվականի սկզբին: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը:

«Կառավարությունը արդեն իսկ խոստովանել է, որ գործազրկությունը լինելու է 10 տոկոսի սահմաններում: Եթե հաշվի առնենք, որ աշխատունակ բնակչության քանակը երկրում 75 միլիոն է, նշանակում է, որ ըստ կառավարության` մենք կունենանք ավելի քան 7 միլիոն գործազուրկ: Իմ կարծիքով, իրականում գործազուրկների թիվը ավելի մեծ է լինելու` մոտ 10 միլիոն», - ասել է Կասյանովը:

2009 թվականի առաջին ամիսներին, ըստ Կասյանովի, ռուսաստանցիները կդառնան նաեւ ազգային տարադրամի` ռուբլու արժեզրկման ականատեսը. - «Կարծում եմ, որ իրադարձությունների ամենաբարենպաստ զարգացման դեպքում, ինչը քիչ հավանական է, մինչեւ տարեվերջ ռուբլու փոխարժեքը կլինի 33-35` մեկ դոլարի դիմաց, ներկայիս 28-ի համեմատ: Ավելի իրական հեռանկարի պարագայում` մայիսին մեկ դոլարը կարժենա արդեն 35 ռուբլի: Մինչեւ տարեվերջ էլ մեկ դոլարի գինը ռուսաստանյան շուկայում կարող է հասնել 40 ռուբլու»:

Այս ամենի արդյունքում, ըստ նախկին վարչապետի, նախեւառաջ տուժելու է վերջին մեկ տասնամյակում ձեւավորված միջին խավը. - «Գալիք տարի մեծապես տուժելու է հասարակության ամենաակտիվ մասը` այն, ինչ մենք անվանում ենք միջին խավ: Սրանք այն մարդիկ են, որոնք ինքնուրույն կյանքի են սովոր, գիտեն` ինչպես փող վաստակել: Իսկ բյուջետային հիմնարկների աշխատակիցներից կառավարությունը վախենում է, ուստի կարծում եմ, որ նրանց կարիքները գոնե առաջիկա երեք ամիսներին փորձելու են բավարարել»:

Կասյանովի կանխատեսմամբ` եկող տարվա սկզբին արդեն տնտեսական ճգնաժամը վերածվելու է սոցիալականի: Սա էլ, ըստ նրա, հանգեցնելու է քաղաքական հետեւանքների:

«Կարծում եմ, որ գարնանը մեր քաղաքացիների մեծամասնությունը կհասկանա` ուր է մեզ հասցրել երկրի ղեկավարության այս քաղաքականությունը: Այդ ժամանակ կսկսվեն այնպիսի գործողություններ, որոնք դուրս կգան երկրի ներկայիս ղեկավարության վերահսկողությունից», - համոզված է Ռուսաստանի կառավարության նախկին ղեկավարը:

Միխայիլ Կասյանովը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2000-2004 թվականներին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG