Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը արձանագրում է. - «Կա մեր բյուրոկրատական պրակտիկայում այսպիսի մի անիմաստ բառակապակցություն` «ծառայողական քննություն»: Իբր գերատեսչության ղեկավարն անկեղծորեն ցանկանում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել իր համակարգում, եւ հատուկ մարդկանց խումբ է նշանակում, որոնք պետք է որոշեն, թե ով է ճիշտ, իսկ ով` մեղավոր: Այդ բառակապակցությունն անիմաստ է այն պատճառով, որ Հայաստանում ինչ խախտում կամ հանցագործություն էլ տեղի է ունենում, այն կատարվում է տվյալ հիմնարկի ղեկավարի առնվազն լուռ համաձայնությամբ, իսկ ավելի հաճախ` ուղղակի հրահանգով: «Կարմիր բերետավոր» սադիստները ներխուժել են կալանավորների խուց եւ, վստահաբար, ունենալով «վերեւների դաբրոն», ծեծի են ենթարկել քաղաքական հայացքների համար հետապնդվող Գրիգոր Ոսկերչյանին: Հիմա արդարադատության նախարարը, թեեւ նախօրոք ասում է, որ նման բան տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, խոստանում է ծառայողական քննություն անցկացնել»: «Այդ քննության արդյունքները միանգամայն կանխատեսելի են», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը` ներկայացնելով իր կանխատեսած պաշտոնական վարկածները, իսկ վերջում խոսքն ուղղում է հայրենի մտավորականներին. - «Ես շարունակում եմ զարմանալ մեր մտավորականների վախկոտ եւ կրավորական դիրքորոշման վրա: Հավանաբար, նրանք ինչ-ինչ քաղաքական հաշվարկներ են անում: Բայց իրականում այստեղ որեւէ քաղաքականություն չկա. մեկուսարանում խոշտանգում են մեր համաքաղաքացուն, մտավորական մարդուն: Դրա դեմ պետք է ընդվզեն անգամ իշխանության ամենամոլեռանդ երկրպագուները: Գուցե առաջին հերթին` հենց նրանք»:

«Հայոց աշխարհ»-ը, անդրադառնալով «7-ի գործով» դատավարությանը, գրում է. - «Դատելով դատական նիստերի տապալման մարտավարությունից, ամենեւին կասկածի տեղ չի մնում, որ այս դեպքում եւս կոնգրեսականները դատավարությունը ֆարսի վերածելու հստակ ծրագիր են մշակել: Ամբաստանյալ կոչված «յոթնյակը» ջանք ու եռանդ չի խնայում հարցը իրավական հարթությունից քաղաքական հարթություն տեղափոխելու համար: Այս ամենից թեւավորված լեւոնականները նոր մարտավարություն են որդեգրել՝ դարձյալ հույս ունենալով, թե արտաքին ուժերի ջանքերով ազատ կարձակվեն։ Այս անգամ նրանց հույսն այն է, որ այնքան ձգձգեն դատավարությունը (կկվի կանչը նրանց համար այժմ հունվարի վերջն է), մինչեւ Եվրախորհուրդը Հայաստանի համար անցանկալի բանաձեւն ընդունի։ Հակառակ դեպքում, դատաքննությունը ձգձգելու նոր միջոցներ կգտնեն»։

Lragir.am-ը իր խմբագրականում գրում է. - «Իհարկե, Սերժ Սարգսյանը Ձմեռ Պապ չէ: Բայց դրա համար էլ հանրությունն ակնկալում է, որ նա կգնա համաներման, քանի որ համաներումը Հայաստանի Սահմանադրությամբ վերապահված է ոչ թե Ձմեռ Պապին, այլ երկրի նախագահին: Իսկ հանրության ակնկալիքն առավելապես պայմանավորված է մարտի 1-ի գործով ձերբակալված ընդդիմադիր գործիչների ազատ արձակման հեռանկարով: Իհարկե, որպես նրանց ազատ արձակման միջոց Համաներման տարբերակը միարժեք ընդունելություն չի գտնում հանրության եւ անգամ հենց բանտարկված գործիչների շրջանում, որոնց անգամ Եվրոպան ու Ամերիկան են արդեն համարում քաղբանտարկյալ: Ձերբակալվածները, նրանց հարազատները, համախոհները, ընկերները, համոզված լինելով իրենց անմեղության հարցում, կարծում են, որ համաներելով ազատ արձակվելը նշանակում է այդուհանդերձ ճանաչվել հանցագործ, մինչդեռ իրենք որեւէ հանցանք չեն գործել, հետեւաբար պետք է ոչ թե ներվեն, կամ համաներվեն, այլ արդարացվեն ու ազատ արձակվեն: Դատելով Սերժ Սարգսյանի խոսքից, թերեւս կարելի է եզրակացնել, որ իշխանությունն իր համար չի կարողանում պարզել գլխավորն ու չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է իրեն պետք»:

«Փակագիծ»-ը, փոխանցելով էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի երեկվա հայտարարությունը, որ Հայաստանն ունի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դիմագրավելու լուրջ ռեսուրսներ, հեգնում է. - «Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը խուլ է եւ ոչինչ չի լսում, ու համառորեն գալիս է Հայաստան, իսկ Հայաստանի կառավարությունն էլ, կարծես թե կույր է եւ ոչինչ չի տեսնում եւ համառորեն պնդում է, որ ճգնաժամի ազդեցությունը մենք կարող ենք դիմագրավել: Սակայն լավ կլինի, որ Ներսես Երիցյանն ու նրա գործընկերները այդ մասին ոչ թե ասեն մամուլի ասուլիսներին, լրագրողների առաջ, այլ գնան ու համաշխարհային ճգնաժամը դիմագրավելու լուրջ ռեսուրսների առկայության մասին ասեն այն մարդկանց` Կապանում, Ագարակում, Ալավերդիում եւ այլ քաղաքներում, որոնք այսօր գործազուրկ են դարձել եւ ամանորի շեմին նստած են տանն առանց աշխատանքի եւ դրա հեռանկարի»:

«Չորրորդ իշխանություն»-ը եւս անդրադարձել է ֆինանսական ճգնաժամի հետեւանքներին. - «Համաշխարհային ճգնաժամի հետեւանքները ոչ միայն հասել են Հայաստան, այլեւ Հայաստանում ճգնաժամը մոլեգնում է ամբողջ թափով: Երեւի դանակն իսկապես ոսկորին է հասել, եթե անգամ կոալիցիայի մաս կազմող ուժերն են բացահայտորեն դժգոհում կառավարության քաղաքականությունից: Ընդ որում, այդ դժգոհությունը միանգամայն տեղին է. ամբողջ աշխարհում ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով հարկերը նվազեցնում են, իսկ Հայաստանում որոշել են ճիշտ հակառակն անել` բարձրացնել հարկերը»: «Իսկ ինչպե՞ս պիտի դուրս գալ ստեղծված իրավիճակից», - հարցնում է հոդվածագիրն ու պատասխանում. - «Շատ պարզ. ամբողջ աշխարհը պայքարում է ճգնաժամի դեմ, իսկ մենք պիտի պայքարենք «հակաճգնաժամային միջոցառումների» հեղինակների դեմ: Եվ հավատացեք` ճգնաժամը կհաղթահարենք»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG