Մատչելիության հղումներ

«Բջնի»-ի գույքի օտարման աճուրդը դադարեցվեց


«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության գույքի օտարման էլեկտրոնային աճուրդը դադարեցվել է: Ինչպես երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության խոսնակ Ռուբեն Գռձլյանը, նույն օրը ծառայությունը ստացել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի պաշտոնական տեղեկանքը «Բջնի»-ն սնանկ ճանաչելու վերաբերյալ «Սատուրն Շինմոնտաժ» ընկերության հայցը վարույթ ընդունելու մասին, եւ ըստ օրենքի` աճուրդը այդ պահից դադարեցվել է:

«Ոչ ամբողջ 4 օր տեւեց աճուրդը, եւ այդ օրերի ընթացքում հայտեր չեն ստացվել», - ասաց Գռձլյանը` հավելելով. - «ԴԱՀԿ-ն սպասելու է, մինչեւ նշված դատավարությունը ավարտվի: Եթե սնանկ ճանաչվի կազմակերպությունը` «Բջնի» հանքային ջրերի գործարանը, ապա մեր մոտ կարճվում է ամբողջովին վարույթը, եւ ԴԱՀԿ-ի գործառույթը ըստ այդմ վերջանում է: Եթե սնանկ չի ճանաչում դատարանը, ապա կասեցված վարույթները վերսկսվում են»:

«Բջնի» գործարանի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տրամաբանված համարեց սնանկության հայցով դատարան դիմելու` «Սատուրն Շինմոնտաժ» ընկերության քայլը, քանի որ տվյալ ընկերությունը «Բջնի»-ի պարտատերերից մեկն է, եւ «Բջնի»-ի շուրջ վերջին իրադարձությունները, հավանաբար, պարտատիրոջ մոտ որոշակի մտահոգություն են առաջացրել իր պահանջների բավարարման իմաստով. եթե աճուրդը կայանար եւ «Բջնի»-ի գույքը ինչ-որ մեկը գներ, «Սատուրն Շինմոնտաժ»-ը մյուս պարտատերերի նման կմնար ձեռնունայն:

«Եթե գնում է սնանկության, ապա բոլոր պարտատերերը հավասար կարգավիճակի մեջ են դրվում, եւ որեւէ մեկին նախապատվություն չի տրվում` բացառությամբ գրավով ապահովված պարտատերերի», - նշեց Զոհրաբյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Հյուսիսային քաղաքացիական դատարանը «Բջնի» գործարանի ժամանակավոր կառավարիչ է նշանակել ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորում ունեցող Խաչիկ Նազարյանին, ով եւ հետեւելու է հետագա ամբողջ գործընթացին: Առաջիկայում կայանալու է պարտատերերի ժողով, պարտատերերը ներկայացնելու են իրենց պահանջները, եւ դատարանը հատուկ նիստում որոշելու է դրանց կատարման ընթացքը:

Ըստ Արա Զոհրաբյանի` «Բջնի»-ն սնանկ ճանաչելու դեպքում դատարանը կարող է որոշել լուծարել ընկերությունը եւ գույքը վաճառել աճուրդով, սակայն կա նաեւ այլ տարբերակ` «Բջնի»-ն չի լուծարվում, ընկերությունը ներկայացնում է իր առողջացման ծրագիրը, որն էլ իրականացվում է դատարանի կողմից նշանակված կառավարչի հսկողության ներքո:

Անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Արզնի» հանքային ջրերի գործարանի ներկայացուցիչը կտրականապես բացառել էր «Բջնի»-ի գույքի օտարման էլեկտրոնային աճուրդին «Արզնի»-ի մասնակցության հնարավորությունը:

«Դիլիջան-Ֆրոլովա» ընկերությունից ընդհանրապես հրաժարվել էին մեկնաբանություններից` պատճառաբանելով, թե գլխավոր տնօրենը մեկնել է գործուղման:

Երեկ խորհրդարանում «Բջնի»-ի շուրջ ստեղծված իրավիճակի եւ աճուրդին մասնակցելու վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. - «Ես Խաչիկ Սուքիասյանի ընկերն եմ եղել եւ գործընկերը, եւ ես երբեք ոչ կմասնակցեմ, ոչ էլ խորհուրդ կտամ, որ որեւիցե մեկը այդ աճուրդին մասնակցի»:

«Ազատություն» ռադիոկայանը նույն հարցի առնչությամբ դիմեց նաեւ «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, պատգամավոր Աշոտ Արսենյանին: Վերջինս խոստացավ ներկայացնել իր մեկնաբանությունները, սակայն գրեթե անմիջապես լքեց Ազգային ժողովի շենքը:

«Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» գործարանում ստուգումները սկսվել են 2007 թվականի նոյեմբերից: 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ է կայացրել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, նույն ամսին ԴԱՀԿ ծառայությունը «Բջնի» գործարանում գույքագրում է կատարել եւ գույքը կալանքի տակ առել: Հոկտեմբերի 23-ին գործարանը փակվեց, դադարեցվեց արտադրությունը, քանի որ անհնար համարվեց հետագա գործունեությունը:

Դեկտեմբերի 19-ին հայտարարված աճուրդով վաճառքի էր հանված ընկերության` «Բջնի» գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշների իրավունքը:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG