Մատչելիության հղումներ

Ադրբեջանի սահմանադրական դատարանը հավանություն տվեց իշխող կուսակցության առաջարկին


Այսօր գումարած արտահերթ նիստում Ադրբեջանի սահմանադրական դատարանը դրական եզրակացություն է տվել երկրի հիմնական օրենքում փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու` իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորների առաջարկի կապակցությամբ: Փոփոխությունների ընդունվելու դեպքում կվերացվի մեկ անձի համար անընդմեջ երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու սահմանադրական արգելքը, ինչը պաշտոնավարման երրորդ ժամկետի ճանապարհ կբացի Իլհամ Ալիեւի համար:

Ադրբեջանցի քաղաքագետները գրեթե չէին կասկածում, որ դատարանը, որի անդամները շատ լուրջ ճնշման տակ են, որեւէ հակասություն պատգամավորների առաջարկի եւ Սահմանադրության դրույթների միջեւ չի հայտնաբերի: Նույնիսկ դատարանի նիստի օրը պատահական չէր ընտրված` դեկտեմբերի 24-ը Իլհամ Ալիեւի ծննդյան օրն է:

Քաղաքագետ Իլգար Մամեդովը նկատում է, որ տեղի ունեցողը նույնիսկ Ադրբեջանի համար աննախադեպ երեւույթ է:

«Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց խուսափում էր նույնիսկ Հեյդար Ալիեւը», - ընդգծում է քաղաքագետը: - «Երկար ժամանակ երրորդ նախագահական ժամկետը Ադրբեջանում պարզապես արգելված էր: 1995 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն` որեւէ մեկը չէր կարող երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում: Սակայն հոկտեմբերին վերընտրվելուց հետո Իլհամ Ալիեւը որոշել է հանրաքվե կազմակերպել ու փոխել Սահմանադրությունը, որպեսզի հնարավոր լինի պայքարել պաշտոնավարման երրորդ ժամկետի համար»:

Մամեդովը նշում է նաեւ, որ այսպիսով հերքվում են լայնորեն շրջանառվող այն լուրերը, թե 2013 թվականին Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում փոխարինելու է Ադրբեջանի առաջին տիկինը:

«Շահարկումներ ու լուրեր, ինչպես նաեւ լուրջ վերլուծություններ հայտնվեցին վերջին տարիներին, որոնց հեղինակները պնդում էին, թե 2013 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու է Մեհրիբան Ալիեւան: Այժմ, սակայն, տեսնում ենք, որ Իլհամ Ալիեւը իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը չի ընկալում որպես վերջինը եւ չի ցանկանում, որ իրեն 2013 թվականին նախագահի պաշտոնում փոխարինի իր կինը», - պնդում է Մամեդովը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG