Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը, «Միայն դռնփակ դատաքննություն» ենթավերնագրի ներքո գրում է. - «Յոթի գործով» անցնողներն ու սրանց պաշտպանները, դատարանի դահլիճն ու դատարանամերձ տարածքը բռնազավթած հհշական բետեէռներն ու ակտիվիստները, իրենց մեղադրողի դեր վերապահելով, երրորդ իշխանությունը կազմաքանդելու մարտավարություն են իրականացնում»։ Ընդհանրապես, թերթի կարծիքով, այն պահվածքը, որը դրսեւորվում է դատաքննության ժամանակ, ոչ մի նորմալ պետության մեջ չէր հանդուրժվի։ Եվ վերջում հոդվածագիրը առաջարկում է. - «Բուն դատաքննությունը կսկսվի միայն այն ժամանակ, երբ դատավարության մասնակիցները «կմեկուսացվեն»։ Իսկ Դատական գործընթացը բնականոն հուն տեղափոխելու համար այլ ճանապարհ չկա, քան դռնփակ նիստեր անցկացնելու մասին որոշում կայացնելը։ Դրանում ավելորդ անգամ կհամոզվենք հաջորդ դատական նիստի օրը», - կանխատեսում է «Հայոց աշխարհ»-ը:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Իշխանությունները «վերլուծել են» [«7-ի գործով» դատավարության] առաջին նիստը եւ համապատասխան հրահանգ իջեցրել ե’ւ դատավորներին, ե’ւ դատական կարգադրիչներին, ե’ւ սափրագլուխներին»: Ըստ թերթի` երեկվա դատական նիստը բացահայտեց, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, քաղաքական որոշում է կայացրել եւ այդ որոշումը, հոդվածագրի գնահատմամբ` «ինչպես միշտ դեմ է Հայաստանի շահերին»: «Իսկ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը», - հարցնում է հոդվածագիրը, ապա պատասխանում. - «Երեկվա նիստը ցույց տվեց, որ դատարանի դահլիճում անելիք չկա, իսկ իշխանություններն էլ արդեն ներքուստ համակերպվել են միջազգային պատժամիջոցների հետ եւ այլեւս այդ գործոնը հաշվի չեն առնում: Սա, ըստ էության, նոր իրավիճակ է, եւ երեւի իմաստ ունի այս իրավիճակին համարժեք նոր մարտավարություն մշակել»:

«Եթե դուք չունեք քեռակին» խորագրի ներքո «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա ազդում է այնքանով, որքանով մենք ունենք ֆինանսներ եւ տնտեսություն: Եթե մենք չունենայինք, ասենք, հանքարդյունաբերություն կամ «Նաիրիտ», ապա դրանք ճգնաժամից չէին տուժի, իսկ եթե մեր բանկերում ոչ մի կոպեկ չլիներ, ապա այսօր բանկերը խնդիրներ էլ չէին ունենա: Եվ քանի որ արտադրանքն ու փողը Հայաստանում քիչ են եւ սահմանափակ, ապա խնդիրներն էլ են քիչ: Մի խոսքով, հայտնի ամանորյա ֆիլմի երգի նման՝ եթե դուք չունեք քեռակին, ապա նրան չեք կորցնի: Մոտավորապես այդպիսի տրամաբանությամբ է այսօր առաջնորդվում մեր կառավարությունը. ա՜խ, ինչ լավ է, որ մենք աղքատ ենք, դրա շնորհիվ մեր դարդերը քիչ են: Սպասենք, մինչեւ ճգնաժամն անցնի, եւ շարունակենք մանր-մունր գործեր անել մեր գավառական ճահճում: Եթե մենք չենք ցանկանում մեր «արտադրանքը» դնել համաշխարհային չափանիշների մեջ, ապա այդ արտադրանքն, ի վերջո, արհամարհված ու անպետք է դառնում ոչ միայն աշխարհում, այլեւ հենց Հայաստանում: Այդ դեպքում մնում է միայն մեծ-մեծ խոսել մեր «առանձնահատկությունների» եւ «ինքնության» մասին: Ուրեմն, ստացվում է, որ մեր «ինքնության» մասն է աղքատ ու խեղճ լինելը: Ինչ խոսք, նման կարգավիճակին ոչ մի ճգնաժամ չի սպառնում», - եզրահանգում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը երեկ նախագահական նստավայրում լրագրողների համար ամանորյա ընդունելություն է կազմակերպել, որի ընթացքում լրագրողներից մեկի` երբ եք համաներում անելու հարցին ի պատասխան հայտարարել է, թե ինքը Ձմեռ պապ չէ: «Ես հո Ձմեռ պապ չեմ, որ համաներում անեմ», - ասել է Սերժ Սարգսյանն ու ավելացրել, որ համաներում հայտարարելու համար պետք է խնդրագրեր գրեն»:

Հանրապետության նախագահի ամանորի ընդունելությանն է անդրադարձել նաեւ «Հրապարակ»-ը` իր խմբագրականում: Թերթը իրազեկում է, որ ընդունելությանը մասնակցող «Ա1+» հեռուստաընկերության ներկայացուցչին Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել պատրաստվել կապուղիների հաջորդ մրցույթին, քանի որ Եվրոդատարանը հենց դա է գրել իր վճռում: - «Լավ պատրաստվեք, որ կարողանաք հաղթել», - թերթի փոխանցմամբ` ասել է նախագահն ու հեռացել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG