Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Զոհասեղանի վրա դրվում է Արցախի ազատությունը եւ Հայաստանի պետական շահը»


Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված ընդդիմադիր ակտիվիստներին ազատ արձակելու ուղղությամբ, այլապես հարվածի տակ կդրվի Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը եւ Հայաստանի ազգային շահը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այս իշխանությունը պետք է որոշի. եթե մինչեւ [Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի] հունվարյան նստաշրջան ինքը քայլ չկատարի արդեն «քաղաքական բանտարկյալ» անվանումը վայելող մեր հայրենակիցներին ազատ արձակելու` Հայաստանը իր պատվիրակության միջոցով կենթարկվի պատժամիջոցների», - նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ընդգրկված է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունում:

«Ես ոչ մի սպասում չունեմ: Արդեն ակնհայտ է. բազմաթիվ անգամներ բարձրաձայնել եմ դրա մասին եւ ցավ ի սիրտ` նախագահական այս իշխանությունը բերել է այն վիճակի, որ շատ ակնհայտ պատճառներով, Հայաստան պետությունը, նաեւ մեր պատվիրակությունը, ազգային հարցեր լուծելու մեր ազգային կարողականությունը հարվածի տակ է դրված», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

«Իրենք թող իմանան, որ իրենց իսկ քայլերով` զոհասեղանի վրա դրվում է Արցախի ազատությունը, ինքիշխանությունը եւ ընդհանրապես Հայաստանի ազգային, պետական շահը», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը անցած շաբաթ Վեհաժողովին առաջարկել է կասեցնել հայաստանյան պատվիրակության ձայնի իրավունքը: Վեհաժողովը տվյալ հարցով որոշում է կայացնելու հունվարի 29-ին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG