Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը դատի է տալիս ընդդիմադիր պատգամավոր Քանան Արիթմանին, ով պնդում է, թե Աբդուլա Գյուլը «հայկական ծագում ունի»:

Հանրապետական ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Քանան Արիթմանը հրապարակավ հայտարարել է, թե Գյուլի մոր նախնիները հայեր են: Առիթն այն է, որ Աբդուլա Գյուլը չդատապարտեց հայերից ներողություն խնդրելու` թուրք մտավորականների նախաձեռնությունը. ընդդիմադիր պատգամավորը եզրակացրել է, թե Թուրքիայի նախագահը աջակցում է այդ արշավին:

«Մենք տեսնում ենք, որ նախագահն աջակցում է այս արշավին: Lրատվամիջոցներին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան համաձայն է ցեղասպանության վերաբերյալ պնդումներին: Մինչդեռ Աբդուլա Գյուլը պետք է լիներ ամբողջ թուրք ժողովրդի նախագահը, այլ ոչ թե միայն նրանց, ում հետ ունի նույն ազգային արմատները», - «Զաման» պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Քանան Արիթմանը, խորհուրդ տալով. - «Հետաքննեք նախագահի մոր էթնիկ ծագումը` կհամոզվեք»:

Թուրքական լրատվամիջոցները նաեւ հաղորդում են, թե Քանան Արիթմանը պատրաստակամություն է հայտնել «Գյուլին տեսնելու դեպքում, իրաքցի լրագրողի օրինակով, կոշիկը նրա վրա շպրտել»:

Թուրքիայի նախագահի աշխատակազմը կիրակի օրը հերքում տարածեց, որտեղ Գյուլը հավաստիացնում էր, որ իր նախնիները` ե’ւ մայրական, ե’ւ հայրական կողմից, «զտարյուն թուրքեր եւ մահմեդականներ են եղել»: Սակայն պատգամավորը հակադարձել է, թե իր նպատակը «թուրք ժողովրդին պաշտպանելն է, եւ ինքը չի խնդրել նախագահին իր տոհմաբանության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել»:

Ըստ «Զաման»-ի` Քանան Արիթմանի դեմ հայցով Թուրքիայի ղեկավարը բարոյական վնասի հատուցում է պահանջում:

«Արիթմանը քաղաքական շարժառիթներով կասկածի տակ է առնում նախագահի գործունեության արդյունավետությունը: Ռասիզմի եւ խտրականության վրա հիմնված նրա հայտարարությունները ծանր հարձակում են նախագահի անձնական ու ընտանեկան արժեքների, պատվի եւ արժանապատվության դեմ», - ասված է Գյուլի փաստաբանի ներկայացրած հայցում:

Թուրք մտավորականների նախաձեռնությամբ ինտերնետում տեղադրված հայտարարությանը, որի հեղինակները հայերից ներողություն են խնդրում 1915 թվականին տեղի ունեցածի համար` այն որակելով «Մեծ Աղետ», իսկ հայերեն տարբերակում` «Մեծ Եղեռն», այսօրվա դրությամբ միացել է 20 հազարից ավելի մարդ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG