Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն դադարեցնում է իր առաքելությունը Վրաստանում


Երկուշաբթի օրը Ռուսաստանը արգելափակել է Վրաստանում ԵԱՀԿ-ի մանդատի երկարաձգումը: Պաշտոնական Մոսկվան ցանկանում է, որպեսզի Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության մանդատը փոխվի` հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը:

1992 թվականից մինչ օրս վրաց-օսական հակամարտության գոտում քաղաքացիական առաքելություն է իրականացնում շուրջ 200 եվրոպացի դիտորդ: Նրանց գործունեության մանդատը, սակայն, ավարտվում է դեկտեմբերի 31-ին, եւ կազմակերպության անդամները արդեն երկու շաբաթ քննարկում էին այն երկարաձգելու հնարավորությունը:

Պաշտոնական Մոսկվան, մասնավորապես, պահանջում էր վերանայել որոշ դրույթներ` հաշվի առնելով օգոստոսյան պատերազմից հետո ստեղծված իրողությունները, եւ ամրագրել, որ, օրինակ, Ցխինվալիում տեղակայված գրասենյակը չպետք է որեւէ կապ ունենա Թբիլիսիի հետ:

Կազմակերպության գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը կոչ էր անում փոխզիջումային տարբերակ ընդունել, մասնավորապես` դիտորդական մանդատը երկարաձգել գոնե երեք ամսով եւ այդ ընթացքում շարունակել բանակցությունները:

Ռուսաստանը, սակայն, ընդդիմացավ նաեւ այս առաջարկին, ընդ որում` Ռուսաստանի դեսպանը միակն էր, ով դեմ քվեարկեց:

Քանի որ որոշումը ընդունելու համար անհրաժեշտ էր կազմակերպության բոլոր 56 անդամների համաձայնությունը` առաջարկը չընդունվեց:

«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, անակնկալ էր ինձ համար, քանի որ ես ակնկալում էի ավելի գիտակից եւ համագործակցության պատրաստ վերաբերմունք գերտերություններից մեկի կողմից», - հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջուլի Ֆինլին` հավելելով. - «Անհրաժեշտ է մտածել տարածաշրջանի անվտանգության մասին եւ գնահատել այս կազմակերպության անդամներից մեկի ապակառուցողական վերաբերմունքը: 55 երկրներ պատրաստ էին աշխատել այս փոխզիջումային տարբերակի վրա, իսկ Ռուսաստանյան Դաշնությունը` ոչ»:

Պաշտոնական Թբիլիսին պնդում է, թե եվրոպացի դիտորդներին դուրս բերելուց հետո Մոսկվան փորձելու է, մի կողմից, է'լ ավելի սրել իրավիճակը հակամարտության գոտում, մյուս կողմից` միջազգային հանրությանը զրկել հավաստի տեղեկություններ ստանալու հնարավորությունից:

«Ռուսաստանը ամեն ինչ արեց, որպեսզի վերացնի եւս մեկ միջազգային մանդատ Վրաստանում», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գլիգոլ Վաշաձեն եւ ընդգծել. - «Սա կանխամտածված քայլ էր, որպեսզի գրավյալ տարածքներում իրականացվող անօրինական գործողություններին այլեւս որեւէ վկա չհետեւի»:

Տեղի ունեցածի կապակցությամբ հիասթափություն է հայտնել ԵԱՀԿ-ի գործող նախագահ Ալեքսանդր Ստուբը: Ընդգծելով, որ եվրոպացի դիտորդները դեռեւս հսկայական աշխատանք ունեին կատարելու, Ստուբը հույս է հայտնել, թե հաջորդ տարի կազմակերպությանը կհաջողվի վերսկսել խնդրի շուրջ բանակցությունները:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը երեկ ափսոսանք է հայտնել Վրաստանում ԵԱՀԿ-ի մանդատը չերկարաձգելու կապակցությամբ: Նրա Խոսքերով` մանդատի երկարաձգումն արգելափակելու Ռուսաստանի որոշումը «դժվար է արդարացնել` հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարվածությունը»:

Եվրամիությունը հայտարարել է, թե ափսոսում է, որ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն հույս ունի, որ շուտով հարցին լուծում կգտնվի:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG