Մատչելիության հղումներ

Եվրոդատարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վասիլի Ալեքսանյանին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանին եւ մահացու հիվանդ Ալեքսանյանի նկատմամբ սահմանել ավելի մեղմ պատժամիջոց:

Եվրոդատարանի հրապարակած վճիռն արձանագրում է, որ ռուսաստանյան իշխանությունները Ալեքսանյանի պարագայում խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, մասնավորապես` նրան ենթարկել են անմարդկային վերաբերմունքի, ոտնահարել ընտանեկան ու անձնական կյանք ունենալու եւ բանական ժամկետներում արդարադատության հասնելու նրա իրավունքները:

Քաղցկեղով եւ ՁԻԱՀ-ով հիվանդ Վասիլի Ալեքսանյանը դեռ կալանքի տակ է եւ ներկայում գտնվում է Մոսկվայի քաղաքային կլինիկական հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Մինչդեռ, համաձայն Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման, Ալեքսանյանը ազատ կարձակվի միայն այն ժամանակ, երբ նրա հարազատները կվճարեն 50 միլիոն ռուբլի գրավի գումարը: Դեկտեմբերի 8-ին դատարանը որոշեց նրա խափանման միջոց կալանքը փոխարինել 2 միլիոն դոլարի համարժեք գրավով, սակայն մինչ օրս նրա հարազատները գումարը չեն կարողանում վճարել: Ալեքսանյանի փաստաբանները ի սկզբանե կասկածում էին, թե այդ, իրենց խոսքերով` «աներեւակայելի գումարը» հնարավոր է լինելու վճարել, մանավանդ որ նրա ամբողջ գույքը կալանքի տակ է: Ինքը` Վասիլի Ալեքսանյանը, ըստ «Վեդոմոստի» պարբերականի, դատարանի որոշումը որակել էր «ցինիկ ծաղր»:

Վասիլի Ալեքսանյանի հայրը` Գեորգի Ալեքսանյանը դիմել է լրատվամիջոցներին, խնդրելով օգնել հայթայթել գումարը, քանի որ որդին մահանում է: Ըստ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարների փաստաբանների կայքէջի` Ալեքսանյանների ընտանիքին օգնելու համար բացվել են հատուկ հաշվեհամարներ ռուսաստանյան Խնայբանկում եւ հայաստանյան Արդշինինվեստբանկում:

Վասիլի Ալեքսանյանը ձերբակալվել է 2006 թվականի գարնանը եւ մեղադրվում է հափշտակությունների ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեջ: Նա հերքում է այդ մեղադրանքները:

Անցած տարեվերջին, երբ Ալեքսանյանի մոտ ախտորոշվեց քաղցկեղ ու ՁԻԱՀ, երկար ժամանակ հիվանդին պահում էին մեկուսարանի հիվանդանոցում` հրաժարվելով տեղափոխել քաղաքային հիվանդանոց: Ալեքսանյանը համոզված էր, որ այդպիսով ցանկանում են ճնշում գործադրել իր վրա, որպեսզի քննությանը ձեռնտու ցուցմունք կորզեն ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու դեմ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիմել էր Ռուսաստանի իշխանություններին` Ալեքսանյանի պատժամիջոցը մեղմացնելու, նրան անհրաժեշտ բուժօգնությամբ ապահովելու կոչով, սակայն ռուսաստանյան դատարանը ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահին մեկուսարանից հիվանդանոց տեղափոխելու մասին որոշում կայացրեց միայն այս տարվա փետրվարին:

Երեկ հրապարակած վճռում Եվրոդատարանը ամրագրում է, որ «հաշվի առնելով Ռուսաստանյան Դաշնության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումները եւ հատկապես հայցվորի ծանր հիվանդությունը, Վասիլի Ալեքսանյանին հետագա կալանքի տակ պահելն անընդունելի է»:

Վասիլի Ալեքսանյանի փաստաբանը հայտարարել է, որ Ռուսաստանը այս անգամ պարտավոր է ենթարկվել Եվրոդատարանի վճռին:

ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահի նկատմամբ իշխանությունների այս քայլերը որոշ փորձագետներ համարում են երկրի նախկին նախագահ եւ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի անձնական վրեժը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG