Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը, հղում անելով «Արմենպրես»-ին, մեջբերում է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի հետեւյալ խոսքերը. - «Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2-ին, մեր խորին համոզմամբ, պետական հեղաշրջման փորձ էր»: ԱԱԾ ղեկավարի խոսքերը «Առավոտ»-ը հետեւյալ կերպ է մեկնաբանում. - «Եթե դա իրավական գնահատական է, ապա ինչո՞ւ պարոն Հակոբյանն իր «խորին համոզմունքը» չի փոխանցել հիշյալ գործով զբաղվող հատուկ քննչական խմբին, որն իր մեղադրական եզրակացություններում երբեք չի օգտագործել «պետական հեղաշրջում» հասկացությունը եւ իշխանության ընդդիմախոսներին «կպցրել է» «զանգվածային անկարգությունների» եւ «իշխանության յուրացման» հոդվածները: Դրանք նույնպես, իհարկե, միանգամայն համահունչ են «հակասովետական ագիտացիա»-ի մեղադրանքին, սակայն «պետական հեղաշրջումը», համաձայնեք, հնչում է ավելի «չեկիստաբար»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ ավելի քան 100 գործարարների` նախօրեին կայացած հանդիպմանը, «Հայկական ժամանակ»-ը նշում է. - «Գործարար համայնքի ներկայացուցիչներից ստացած մեր տեղեկությունների համաձայն` պաշտոնական արարողությունից հետո Սերժ Սարգսյանը գործարարների երեք շերտերի հետ առանձին հանդիպումներ է ունեցել: Այդ հանդիպումներից մեկի ժամանակ նա գործարարներին հասկացրել է, որ իր հովանավորչությունը ըմբոշխնելու հաճույքի շարունակականությունն ապահովելու համար գործարարները պետք է լրացուցիչ հսկայական գումարներ հայթայթեն, որպեսզի ինչ-որ կերպ փոխհատուցվի մասնավոր տրանսֆերտների սպասվող կտրուկ նվազումը»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի առաջին համաժողովը եւ այնտեղ հնչած ելույթները ցույց տվեցին, որ հետընտրական շրջանում արմատական ընդդիմության ներսում եղած տարաձայնությունները հարթելու եւ նրա քաղաքական ակտիվությունը հունավորելու ուղղությամբ Տեր-Պետրոսյանի գործադրած ջանքերը հասել են այն կետին, երբ որպես քաղաքական գործիչ կոնկրետ անելիք նա այլեւս չունի, ուստի ստիպված է տվյալ ակնհայտ իրողությունը քողարկել «խոսենք, խոսենք, մինչեւ վերջ» նորահայտ կարգախոսով: Ներկայումս ձեւավորվել է տարաբնույթ քաղաքական ուժերից եւ հասարակական կազմակերպություններից բաղկացած մի կառույց, որի առանձին լիդերները սեփական պատկերացումներն ունեն կոնգրեսի հետագա քաղաքական քայլերի մասին: Այդ պատճառով նրանց առաջնորդը հիմնականում զբաղվում է տարաձայնությունները մեղմելու եւ ժամանակ ձգելու գործով»:

«Չորրորդ իշխանություն»-ը նույնպես անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի համաժողովին. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի` համաժողովում հնչեցրած ելույթն, անկասկած, իր ազդեցությունը կունենա Հայաստանի քաղաքական կյանքում: Բանն այն է, որ մեծ հաշվով` արտաքին աշխարհն այսօր Հայաստանի հետ հարաբերվելիս ավելի շատ հաշվի է նստում ոչ թե իշխանությունների, այլ հենց Կոնգրեսի դիրքորոշումների հետ: Սա անհերքելի իրողություն է: Այսինքն, Հայաստանում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Հայաստանում կա քաղաքական ուժ, որը վայելում է ժողովրդի վստահությունը, պատրաստ է պետության ղեկավարման համար քաղաքական պատասխանատվություն կրել, եւ ի վիճակի է երկիրը դուրս բերել այս ծանր իրավիճակից, արտաքին աշխարհը տեսնում է դա եւ երկխոսության մեջ է այդ ուժի հետ, բայց գոյություն ունի միջանկյալ օղակ` Սերժ Սարգսյանը, որին ոչ Հայաստանի ժողովուրդն է լուրջ ընդունում, ոչ արտաքին աշխարհը»:

«Հրապարակ»-ը տեղեկացնում է. - «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանի երկրորդ նախագահն իր պաշտոնից հեռանալու ամիսներին շարունակում է նոր կապիտալներ ձեռք բերել: Մասնավորապես, Արզական գյուղի հսկայական սարը, որն այդ տարածքի անտառածածկ բացառիկ պետական հարստությունն է, այլեւս մասնավոր սեփականություն է: Երկրորդ նախագահը մտադիր է իր նոր սարում ճոպանուղի կառուցել: Սա մոտ է կառավարության երբեմնի առանձնատնային տնտեսությանը, որը Քոչարյանի կնքահայրությամբ ժամանակին մասնավորեցվեց եւ այժմ կաթվածահար վիճակում է, չի գործում: Եթե պաշտոնաթող նախագահի գործերը լավ գնան, չի բացառվում, որ նա հետագայում Արզականի ճոպանուղին Ծաղկաձորի համալիրի մաս կազմող ցանց դարձնի: Ըստ մեր աղբյուրի, սարը վաճառվել է անհավատալի ցածր գնով»:

«Ազգ»-ը մեջբերել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարուղար Խազար Իբրահիմին, ով հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն չի միջամտում հայ-թուրքական հարաբերություններին. - «Նախ, Թուրքիայի պաշտոնատարներն արդեն հայտնել են իրենց վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ: Մյուս կողմից՝ մենք քանիցս հայտնել ենք, որ Ադրբեջանը չի միջամտում երկու ինքնիշխան պետությունների միջեւ առկա հարցերին», - նշել Է նա երեկ լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ՝ մեկնաբանելով 1915 թվականի ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու թուրքական մտավորականության ներկայացուցիչների ձեռնարկումը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG