Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով. «Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հավանականությունը շատ մշուշոտ է»


Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարյան նստաշրջանում պատժամիջոց չի կիրառի Հայաստանի նկատմամբ` զրկելով ձայնի իրավունքից:

Անցած շաբաթ նման առաջարկով հանդես է եկել Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը` լսելով Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման վերաբերյալ զեկույցը:

Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ դա միայն առաջարկ է. - «ԵԽԽՎ-ի պրակտիկայում բազմիցս առաջարկ է եղել` ձայնի իրավունքից զրկել [այս կամ այն երկրի պատվիրակությանը], սակայն հետագայում այդ առաջարկը չի պաշտպանվել: Ընդամենը երեք անգամ է նման պրակտիկա եղել, եւ եթե համեմատում ենք Հայաստանի հետ իրավիճակները, ապա, բնականաբար, հեռանկարը, որ Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից, կարծում եմ, շատ մշուշոտ է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է այլ երկրների հետ համեմատությունը նրան լավատեսություն ներշնչում, հանրապետական պատգամավորը պատասխանեց. - «Այլ երկրներում չի եղել պետական հեղաշրջման փորձ, այդ երկրներում չի եղել ընդդիմության եւ իշխանության այդպիսի ատելություն, որը եղել է Հայաստանում, չի եղել այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ, որը Հայաստանում եղել է ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո»:

«Մի բան պետք է արձանագրենք. Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Ուզի թե չուզի ընդդիմությունը` փաստը սա էր: Եվ ընդդիմությունը մեկ բան պետք է աներ` ընդդիմությունը պետք է պատրաստվեր հաջորդ ընտրություններին», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:


Ծովինար Նազարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG