Մատչելիության հղումներ

logo-print

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան Հայաստանի նկատմամբ քաղաքականության սկզբունքային վերանայում չի կատարել»


Թուրքական պետությունը Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականության սկզբունքային վերանայում չի կատարել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Արձագանքելով հայ-թուրքական երկխոսության մեկամյա ընթացքը ամփոփելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին, Սաֆրաստյանը նշեց. - «Որքանով որ կարելի է դատել թուրքական մամուլի հաղորդագրություններից, Թուրքիայի տարբեր մակարդակի ղեկավարների հայտարարություններից` Թուրքիան դեռեւս սկզբունքային վերանայում իր դիրքորոշման նկատմամբ Հայաստանի հետ հարաբերություններում չի իրականացրել: Սա, ես կարծում եմ, ոչ միայն շատ կարեւոր, այլեւ կարեւորագույն հանգամանք է, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը հիմնականում պայմանավորված է թուրքական պետության, թուրքական քաղաքականության մոտեցմամբ Հայաստանի նկատմամբ»:

Անդրադառնալով հայերից ներողություն խնդրելու` թուրք մտավորականների նախաձեռնած ինտերնետային ստորագրահավաքին, թուրքագետն առանձնացրեց երկու հանգամանք:

Առաջինը` նախաձեռնող մտավորականների խումբը շատ փոքրաթիվ է, մեծ չէ նաեւ նախաձեռնությանը դրականորեն արձագանքած այլ մտավորականների եւ հասարակական գործիչների թիվը, ինչը նշանակում է, որ սա չի կարելի գնահատել իբրեւ թուրքական հասարակության ցանկություն:

«Եվ երկրորդ հանգամանքը, որը նույնպես ուշադրություն գրավեց, համենայն դեպս` ինձ մոտ, այն է, որ այդ նամակի տեքստում խուսափել են կազմողները օգտագործել «ցեղասպանություն» բառը», - ասաց Սաֆրաստյանը:

«Այս երկու հանգամանքները հաշվի առնելով` ես գնահատում եմ թուրք մտավորականների նախաձեռնությունը որպես միմիայն առաջին քայլ, որից հետո պիտի հետեւեն, կամ հույս ունենանք, որ կհետեւեն, սպասենք` գուցեեւ հետեւեն ավելի լուրջ, ավելի սկզբունքային գնահատականներ», - ընդհանրացրեց թուրքագետը:


Տիգրան Ավետիսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG