Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի Քաղաքացիական զարգացման կենտրոնի թելեթոնը


Կիրակի օրը Լոս Անջելեսում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի Քաղաքացիական զարգացման կենտրոնի կազմակերպած թելեթոնը, որի նպատակն է միջոցներ հանգանակել մարտի 1-ի դեպքերի հետեւանքով ձերբակալված քաղաքական գործիչների ընտանիքների համար: Լոս Անջելեսում են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Մուսինյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Մանուշակ Պետրոսյանը, ովքեր էլ վարում են թելեթոնը:

Մանուշակ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին, մասնավորապես, փոխանցեց. - «Նպատակը այս թելեթոնի ամերիկահայ մեր հայրենակիցների մասնակցությունն է մեր պայքարին: Մեր թելեթոնի կարգախոսն է` «Իմ հայրենիքի արժանապատվությունը իմ արժանապատվությունն է»: Դա նշանակում է` եթե ես կարողացել եմ սատար կանգնել արժանապատիվ հայրենիքի հզորացմանը, ստեղծմանը, ուրեմն` ես նույնպես իրավունք ունեմ ինձ արժանապատիվ զգալ: Իսկ եթե իմ երկիրը դեռեւս չի կարող արժանապատիվ կեցվածք ունենալ, ինչպես մենք տեսնում ենք, այնտեղ հալածվում են, փաստորեն, առաջադեմ, ժողովրդավար մարդիկ, եւ եթե մենք սատար չենք կանգնում եւ չենք կարողանում հաջողել, ուրեմն` մենք նույնպես բոլորս անպատիվ ենք»:

«Մենք վստահ ենք, որ մեր հայրենակիցները մասնակցելու են այստեղ: Այդ նյութական մասնակցությունը, որը իր ձեւի առումով բարեգործություն է, ուղղվելու է մեր քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցության, օգնության, իրենց իրավական պաշտպանության համար, ընդհուպ մինչեւ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում իրենց իրավունքները պաշտպանելու», - ասաց Մանուշակ Պետրոսյանը:

Թելեթոնի ընթացքի վերաբերյալ նա ասաց. - «Նախ եւ առաջ, շատ ուրախալի է, որ տարափ սկսվեց զանգերի: Իհարկե, մենք չենք զարմանում, բայց հաճելի էր»:

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի առաջնահերթ խնդիրը այսօր քաղբանտարկյալների ծրագիրն է, բայց մենք ունենք նաեւ «Զարգացում» կոչվող ծրագիրը, որի իմաստն է Հայաստանի պետության զարգացման համար այլընտրանքային զարգացման ծրագրեր մշակելը: Դա վերաբերում է պետության կառավարման բոլոր ասպարեզներին», - ասաց Մանուշակ Պետրոսյանը: - «Ես վստահ եմ, որ վաղը-մյուս օրը մենք քաղբանտարկյալների խնդիրը չենք ունենալու, բայց մենք ունենք ռազմավարական այլ խնդիր: Ընդհանրապես, այսօր մեր հատկացումները, մեր այս ծրագիրը ուղղված է քաղբանտարկյալների խնդիրներին: Արդեն այսօր ինքը քաղաքական չէ. դրդապատճառն է քաղաքական, բայց ինքը բնույթով մարդասիրական է: Վաղը-մյուս օրը, երբ մենք չունենանք այս խնդիրը, մենք, իհարկե, շարունակելու ենք մեր գործունեությունը, եւ ասացի` այդ ռազմավարական խնդիրների ուղղությամբ ենք մենք գործելու»:

Նա վստահեցրեց, որ իրենց բոլոր ծրագրային մշակումները, այլընտրանքային ծրագրային փաթեթները հրապարակվելու են, բաց են լինելու ծանոթանալու եւ օգտագործելու համար` որեւէ իշխանության համար:


Հրայր Թամրազյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG