Մատչելիության հղումներ

Դոմինիկ Սթրոս-Քան. «2009 թվականը վատ տարի է լինելու»


Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Սթրոս-Քանը երեկ Լոնդոնում նախազգուշացրել է, որ 2009 թվականին տնտեսական կացությունն աշխարհում կարող է ավելի վատթարանալ, եթե կառավարությունները չձեռնարկեն ճգնաժամի հաղթահարմանն ուղղված վճռական միջոցներ:

«2009-ի վերաբերյալ մեր կանխատեսումներն առանց այն էլ բավական մռայլ են, սակայն եթե չիրականացվի ֆինանսական աջակցության եւ խրախուսման ծրագիր, վիճակն է’լ ավելի ծանր կլինի», - BBC-ին երեկ տված հարցազրույցում ասել է Սթրոս-Քանը:

Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է անում համաշխարհային ներքին համախառն արդյունքի 2 տոկոսին համարժեք գումար՝ 1 տրիլիոն 200 միլիարդ դոլար հատկացնել ֆինանսական համակարգի առողջացմանը:

Սթրոս-Քանի կարծիքով` նոյեմբերին Վաշինգտոնում աշխարհի տնտեսապես առաջատար 20 երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընդունած որոշումները կարող են բավարար չլինել առկա ճգնաժամը հաղթահարելու համար:

«Ինչպես տեսնում ենք, որոշ միջոցներ արդեն ձեռնարկվում են, բայց ես մտավախություն ունեմ, որ դա բավական չէ», - ասել է ԱՄՀ-ի ղեկավարը:

Ճգնաժամի առաջին նախանշանները ի հայտ են եկել ԱՄՆ-ում, եւ դրա հաղթահարումը մեծապես կախված է այդ գերտերության ֆինանսական եւ տնտեսական վիճակից:

Մինչդեռ, երեկ երեկոյան Միացյալ Նահանգների ընտրյալ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է. - «Տնտեսությունը մեր ունեցած նախնական պատկերացումների համեմատությամբ շատ ավելի ծանր վիճակում է, հարկ է արտակարգ քայլեր ձեռնարկել դրությունը շտկելու համար»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG