Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյան. «Առանց բանակցություններին Ղարաբաղի ուղղակի մասնակցության չենք կարող որեւէ լուծման գալ»


«Երբ խոսքը գնա որեւէ փաստաթղթի մշակման մասին` չի կարող որեւէ փաստաթուղթ մշակվել եւ որեւէ պայմանավորվածության այդ իմաստով չենք կարող գալ առանց բանակցություններին Ղարաբաղի ուղղակի մասնակցության», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` այսօր հանդիպելով Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ:

Խոսելով ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումների մասին` Նալբանդյանը կարեւորեց հիմնախնդրի խաղաղ կարգավորումը եւ բացառեց որեւէ այլ տարբերակ:

Ի պատասխան տարածքների հնարավոր վերադարձի վերաբերյալ ուսանողներից մեկի արտահայտած մտահոգությանը` Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնելով ենթադրություններ անել. - «Այդ հայտարարությունները, որ արվել են, այդ փաստաթղթերը, որ ընդունվել են, այս փաստաթղթերի մեջ խոսքը գնում է խաղաղ լուծման մասին` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, խոսքը գնում է լուրջ առաջարկների մասին, որ բոլորն են այդ կարծիքին, որ այդպես պետք է լուծվի»:

Նախարարը հիշեցրեց, որ խոսքը փոխզիջումների մասին է, եւ ընդգծեց, որ հայկական կողմը ունի իր սկզբունքային ու գլխավոր հարցերը, որոնց շուրջ համաձայնության դեպքում միայն Հայաստանը կմտածի երկրորդ կողմի հետ համաձայնության գալու մասին. - «Դա Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման հարցն է, եւ նաեւ Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը` ամենալայն եւ խորը իմաստով այս խոսքի, որը ենթադրում է անխափան ցամաքային կապը Հայաստանի հետ, որը ենթադրում է միջազգային երաշխիքներ, որը ենթադրում է, որ Հայաստանը նաեւ պետք է լինի այդ երաշխավորներից մեկը անվտանգության, եւ այլն»:

Խոսելով փոխզիջումների մասին` Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ չի կարող լինել միայն մի կողմի զիջումների հիման վրա կազմված որեւէ փաստաթուղթ. - «Որովհետեւ հաջողություն կլինի այն ժամանակ, երբ հաջողություն լինի բոլոր կողմերի համար, եւ բոլոր կողմերը գան կոմպրոմիսների եւ հարցի լուծման»:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ղարաբաղի եւ Հայաստանի դիրքորոշումների տարբերության եւ երկու երկրների նախագահների` իրարից տարբերվող հայտարարությունների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Նալբանդյանը ասաց. - «Ամբողջ հարգանքով վերաբերվելով բոլոր հայտարարություններին, որ արել է Ղարաբաղի հանրապետության նախագահը` դրա համար մենք շատ կարեւորում ենք Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին, եւ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության բանակցություններին մենք չենք կարող որեւէ լուծման գալ»:

Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտ է մեկնել ուրբաթ օրը: Նույն օրը երեկոյան նրան ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի հանդիպման արդյունքները եւ Ֆինլանդիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպման մանրամասները:

Նույն աղբյուրի վկայությամբ` զրուցակիցները բարձր են գնահատել Հելսինկիում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Արցախի պետհամալսարան այցից եւ լրագրողների հետ ճեպազրույցից հետո Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Այսօր Էդվարդ Նալբանդյանը վերադարձել է Երեւան:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG