Մատչելիության հղումներ

«Բջնի»-ի գույքի օտարման աճուրդը մեկնարկել է ըստ նախատեսվածի


Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը երեկ մինչեւ ժամը 17:00-ը չէր ստացել Հյուսիսային քաղաքացիական դատարանի պաշտոնական տեղեկանքը «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը սնանկ ճանաչելու` «Սատուրն Շինմոնտաժ» ընկերության հայցի վերաբերյալ, այդ իսկ պատճառով «Բջնի»-ի գույքի օտարման էլեկտրոնային աճուրդը մեկնարկել է ըստ նախատեսվածի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԴԱՀԿ ծառայության խոսնակ Ռուբեն Գռձլյանը:

«Օրենքով նախատեսված է` եթե դատարանը ընդունում է վարույթ սնանկության մասին, ապա դրա մասին տեղեկացնում է մասնակից կողմերին, այդ թվում նաեւ ԴԱՀԿ ծառայությանը, սակայն մենք պաշտոնապես դատարանից ոչ մի գրություն չենք մինչ այսօր չենք ստացել, ինչի հետեւանքով էլ աճուրդը մեկնարկել է: Ծառայությունը ստացել է միայն ընկերության միջնորդությունը` տնօրենի ստորագրությամբ, որին կցված են եղել դատարանի որոշման պատճենները, ինչը օրենքով չի հանդիսանում հիմք մեզ համար` կասեցնելու «Բջնի»-ին վերաբերող բոլոր վարույթները», - հայտարարեց Գռձլյանը:

Այս տարվա հոկտեմբերի 21-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները «Բջնի» գործարանում գույքագրում էին կատարել ու գույքը կալանքի տակ վերցրել: Երկու օր անց, հետագա գործունեության անհնարինության պատճառով, ընկերությունը դադարեցրել է արտադրությունը: Գործարանը փակվել է Վարչական դատարանի վճռի հիման վրա, որի համաձայն` ընկերությունից պետք է բռնագանձվեր 4 միլիարդ դրամ: Դեկտեմբերի 9-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարեց էլեկտրոնային աճուրդով «Բջնի»-ի գույքը եւ գույքային իրավունքները վաճառելու մասին:

Դեռ հինգշաբթի օրը ենթադրվում էր, որ աճուրդը չի կայանա «Բջնի»-ի պարտատերերից մեկի` «Սատուրն Շինմոնտաժ» ընկերության հայցի պատճառով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «Բջնի» գործարանի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը առնվազն տարօրինակ անվանեց ԴԱՀԿ ծառայության դիրքորոշումը: Նրա պնդմամբ` եթե ծառայությունը արդեն իսկ ձեռքի տակ ուներ «Բջնի»-ն սնանկ ճանաչելու գործընթացը սկսելու փաստ, դա արդեն բավական է վարույթը կասեցնելու համար մինչեւ դատավարության ընթացքի վերջը:

«Չի կարող, ամեն դեպքում, վաղը դա արդարացում հանդիսանալ ԴԱՀԿ ծառայության համար, եթե առաջանան ինչ-որ խնդիրներ, այդ թվում նաեւ վնաս կրի որեւէ պարտատեր կամ պարտապան», - ընդգծեց Զոհրաբյանը: - «Այսինքն, ԴԱՀԿ ծառայությունը երբ որ ունի իր ձեռքի տակ փաստ, որ սնանկ ճանաչելու վարույթ է սկսված, արդեն իսկ այդ փաստը բավական է, որ նա կասեցնի կատարողական վարույթը: ԴԱՀԿ ծառայությունը այս պահին արդեն օրենքի խախտման պայմաններում է գործում»:

Ինչ վերաբերում է աճուրդին` ԴԱՀԿ ծառայությունը 6 միլիարդ 580 միլիոն դրամ գնահատված գործարանի մեկնարկային գին է սահմանել 4 միլիարդ 935 միլիոն դրամը, ինչը գնահատված արժեքի 75 տոկոսն է: Ըստ Ռուբեն Գռձլյանի` «լոտին ներկայացված են «Բջնի» հանքային ջրերի գործարանին սեփականության իրավունքով պատկանող` Բջնի գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանում գտնվող գործարանը` իր հոսքագծերով, 46 մեքենա` բեռնատար եւ մարդատար, եւ ոչ գույքային, ոչ նյութային ակտիվներ, հատկապես` «Բջնի» եւ «Նոյ» ապրանքային նշանները»:

«Բջնի» գործարանի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը, սակայն, ասում է, թե ընկերությունում մինչեւ հիմա տեղեկություն չունեն` արդյո՞ք «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշները նույնպես վաճառքի են հանվում. - «Տեղեկություն չունեմ, որովհետեւ այդ գնահատման եզրակացությունը եթե իմ ձեռքի տակ լիներ, երեւի թե կիմանայի, թե ինչի մասին է խոսքը: Երբ փորձաքննություն է նշանակվել` գույքը դրվել է գնահատման, ապա այդ որոշման մեջ գրված է` «կից ցուցակում նշված գույքը»: Այդ ցուցակը նույնպես չի տրվել ընկերությանը: Այսինքն, ընկերության համար այս պահին լրիվ գաղտնիք է, թե իր որ գույքն են գնահատել, որ գույքը ինչ են գնահատել, արդյոք դրա մեջ մտավոր սեփականության այդ օբյեկտը ենթարկվե՞լ է գնահատման, թե՞ ոչ»:

Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու հայտեր առայժմ չեն ներկայացվել:

«Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» գործարանում ստուգումները սկսվել են 2007 թվականի նոյեմբերից: Հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ է կայացրել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, իսկ հոկտեմբերի 23-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները բռնագանձում են իրականացրել «Բջնի» գործարանում:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG