Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Ղազախստանում մասնակցում է ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Ղազախստան` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Գագաթնաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի նախագահները, անցկացվում է Կոքչետաու քաղաքին հարակից Շուչինի-Բորովի ձմեռային հանգստավայրում:

Մինչեւ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկը, Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ գոհունակություն հայտնել երկու պետությունների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակից: Նախագահներն ընդգծել են Ղազախստանի հայկական համայնքի դերը հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Նուրսուլթան Նազարբաեւը կարեւորել են տնտեսական գործակցության հետագա զարգացումը` նշելով, որ ծրագրվող երկաթուղային հաղորդակցության նոր ուղիները կնպաստեն եւ խթան կհանդիսանան առեւտրաշրջանառության ծավալների մեծացման գործում:

Այնուհետեւ մեկնարկել է պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի օրակարգում ներառված են ՀԱՊԿ-ի կարգավորման հեռանկարներին եւ կազմակերպության շրջանակներում գործակցությանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, ինչպես նաեւ ԱՊՀ-ի տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Հայաստանի նախագահ, ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ քննարկվող հարցերը կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Գագաթնաժողովի մասնակիցները համակարծիք են եղել, որ նման ձեւաչափով շփումները լավ հնարավորություն են ընձեռում օրակարգային խնդիրներին նայելու տարբեր տեսանկյուններից եւ քննարկելու հարցերի լայն շրջանակ:

Գագաթնաժողովը այսօր շարունակում է աշխատանքները:


(Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG