Մատչելիության հղումներ

«7-ի գործով» դատավարության առաջին նիստը ընդհատվեց մինչեւ դեկտեմբերի 23-ը


Մարտի 1-2-ի իրադարձությունների առիթով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարության առաջին նիստի ընթացքում պաշտպանական կողմը երեք միջնորդություն ներկայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին` պահանջելով, որ վերջինս ինքնաբացարկ հայտարարի: Ինքնաբացարկի մասին երկու միջնորդությունները մերժվեցին դատական նիստը նախագահողի կողմից, իսկ երրորդի քննարկումը ընդհատվեց մինչեւ դեկտեմբերի 23-ը:

Նիստի սկսվելուց եւ օրենքով նախատեսված արարողակարգի ավարտից հետո պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի դատավորը ինքնաբացարկ հայտնի: Այդ միջնորդության քննարկման ժամանակ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ պահանջում է իր մասով գործը անջատել այս գործից, քանի որ ինքը իրավական որեւէ ակնկալիք չունի եւ իրավական գնահատականներ էլ չի սպասում, միայն քաղաքական հայտարարություններ է անելու, չի հավատում այս դատարանին, չի հավատում արդարադատությանը:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ, առաջնորդվելով եվրոպական բազմաթիվ կոնվեցիաներով, դատավորը պարտավոր էր վարույթ չընդունել այս գործը:

«Ձեր ինքնաբացարկի համար կհնչեն այլ միջնորդություններ: Դուք տեղով ինքնաբացարկ եք, այնպես որ միանում ենք, պահանջում ենք ունենալ բարոյականություն, ներողություն խնդրել, ինքնաբացարկ հայտարարել», - հայտարարեց Արզումանյանը:

Դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը միացան նաեւ տուժողների իրավահաջորդները` մարտի 1-2-ի իրադարձությունների 10 զոհերից մի քանիսի ներկայացուցիչները եւ հարազատները, ինչից հետո Մնացական Մարտիրոսյանը հեռացավ որոշում կայացնելու:

Մեկժամյա ընդմիջումից հետո դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց կայացրած որոշումը, - «Գտնում եմ, որ ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման»:

Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Երկու ժամ անց դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունն էլ մերժեց:

Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը ներկայացրեց ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը:

«Խնդիրն այն է, որ Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մարտի մեկի մայր գործից անջատված մի քանի գործեր արդեն քննել է, բնականաբար ծանոթացել է գործերի մանրամասներին, եղած ապացույցներին, գնահատականներ է տվել դրանց ու վճիռներ կայացրել», - ասաց փաստաբանը,- «իսկ դա նշանակում է, որ դատավորն ունի հատուկ վերաբերմունք եւ կանխակալ կարծիք»:

«Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, քանի որ չի կարող անկողմնակալ լինել», - պնդեց Հովիկ Արսենյանը: Պաշտպանի այս միջնորդությանը միացան նաեւ տուժողների հարազատները եւ 7 կալանավորները:

«Մենք նորից պահանջին միանում ենք, եւ գնացեք, կամ ինքնաբացարկ տվեք, կամ ինքնահրկիզվեք, որոշում կայացրեք, եւ իմանանք ինչ ենք անում», - ասաց Արզումանյանը:

Դատավոր Մարտիրոսյանը զգուշացրեց Արզումանյանին` զերծ մնալ վիրավորական արտահայտություններից: Զգուշացումից հետո իր կարծիքը հայտնեց Սուրեն Սիրունյանը. - «Դա վիրավորական բառ չէ: Օրինակ` մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար բենզինը լցնում են վրան, վառվում են: Հիմա թող մի հատ էլ այդպիսի դատավոր լինի, ի՞նչ է եղել»:

Սիրունյանը դժգոհեց նաեւ, որ այս ամիսների ընթացքում իր նկատմամբ որեւէ քննչական գործողություն չեն կատարել, բայց պետական իշխանությունը յուրացնելու համար մեղադրանք են առաջադրել, հետո ավելացրել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ հրահրելու հոդվածը:

Հայտարարությունից հետո Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց դատարանի դահլիճից Սիրունյանին հեռացնելու վերաբերյալ, որից հետո որոշում կայացրեց նիստը մինչեւ դեկտեմբերի 23-ը հետաձգելու մասին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG