Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրես. «Մոնիտորինգի խմբի որոշումը Համաժողովրդական շարժման փայլուն հաղթանակն է»


Հայ ազգային կոնգրեսի համոզմամբ` երկու օր առաջ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանն արժանացած բանաձեւի նախագիծը «ուղղված է ոչ թե Հայաստանի ու նրա ժողովրդի, այլ Հայաստանում գործող ռեժիմի դեմ»։

«Այս որոշման ողջ պատասխանատվությունն ընկնում է նույն ռեժիմի վրա, որն, արհամարհելով ինչպես պետության կողմից ստանձնած պարտավորությունները, այնպես էլ ԵԽ, եվրոպական ու միջազգային այլ հեղինակավոր կառույցների բազմաթիվ հորդորներն ու պահանջները, ամիսներ շարունակ բանտերում է պահում տասնյակ քաղբանտարկյալների, կոպտորեն ոտնահարում է հավաքների, երթերի, ազատ խոսքի եւ մարդու իրավունքների այլ կարեւորագույն նորմերը», - ասված է կոնգրեսի կենտրոնական գրասենյակի երեկվա հայտարարությունում:

Կոնգրեսի հավաստմամբ` «հայաստանյան պատվիրակությանը ձայնից զրկելը տվյալ դեպքում վնաս չէ Հայաստանին ու նրա ժողովրդին, ինչպես պնդում են վարչախմբի պաշտոնյաները». - «Ձայնից զրկվում է մի պատվիրակություն, որի գործունեությունը ԵԽԽՎ-ում մինչ այժմ ամբողջությամբ նպատակաուղղված է եղել ոչ թե Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, այլ գործող ավազակապետական ռեժիմի պաշտպանությանը, վերջինիս հակաժողովրդավարական գործունեությունը, գործած հանցանքները ու ապօրինությունները պարտակելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն։ Այդ պատվիրակության հանցավոր անգործության պատճառով է, որ այս կառույցը աննպաստ բանաձեւ ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցով»։

«Ողջունելով ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խմբի վերջին որոշումը՝ որպես Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վերականգնմանը նպաստող քայլ, Հայ ազգային կոնգրեսը եւս մեկ անգամ պաշտոնապես կոչ է անում միջազգային կառույցներին՝ կիրառել միայն այնպիսի պատժամիջոցներ, որոնց թիրախը կլինի ոչ թե երկիրն ու ժողովուրդը, այլ հակաժողովրդական վարչախումբը, իսկ նպատակը՝ երկրում ժողովրդավարության ու օրինականության հաստատումը», - ասված է հայտարարությունում:

Հայ ազգային կոնգրեսի համոզմամբ` «ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խմբի որոշումը Հայաստանում շուրջ մեկ տարի ծավալված Համաժողովրդական շարժման փայլուն հաղթանակն է». - «Առաջին անգամ մեր տեսակետներն ու գնահատականները տեղ են գտնում միջազգային կարեւորագույն մի փաստաթղթում։ Դա Համաժողովրդական շարժման - Հայ ազգային կոնգրեսի, որպես Հայաստանում լրջագույն քաղաքական ուժի ու գործոնի, միջազգայնորեն ճանաչումն ու գնահատումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG