Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «7-ի գործով» դատավարությունը


Այսօր Երեւանի քրեական դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսեց մարտի 1-2-ի իրադարձությունների առիթով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ են առաջադրվել: Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:

Դատարանի դահլիճը լեփ-լեցուն է: Այն մեծ չէ, եւ բոլոր նստարանները զբաղված են, կան նաեւ կանգնած մարդիկ:

Ամբաստանյալների նստարանը ապակե պատով անջատված է դահլիճի մյուս մասից:

Դատարանի դահլիճում բավական շատ քաղաքական գործիչներ կան, այդ թվում` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, Հայոց համազգային շարժման ղեկավար Արարատ Զուրաբյանը:

Դահլիճում են նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, իրավապաշտպաններ, դիտորդներ միջազգային կառույցներից, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից:

Հարյուրավոր մարդիկ են հավաքված դատարանի շենքից դուրս` «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պատժեք մարտի 1-ի մեղավորներին» եւ համանման բովանդակությամբ այլ պաստառներով, եւ վանկարկում են «Ազատություն», «Լեւո’ն, նախագա’հ», «Ամո’թ»: Դատարանի շենքը շրջապատված է ոստիկաններով, բազմաթիվ ոստիկաններ կան նաեւ շենքին հարող տարածքներում:

Նիստը սկսվելու պահին Շանթ Հարությունյանը ռեպլիկ արեց, դատավոր Մնացական Մարտիրոսյանին ասելով` «դուք նախագահող չեք», ինչից հետո 10 րոպե ընդմիջում հայտարարվեց:

Նիստի վերսկվելուց եւ օրենքով նախատեսված արարողակարգի ավարտից հետո պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի դատավորը ինքնաբացարկ հայտնի: Այդ միջնորդության քննարկման ժամանակ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ պահանջում է իր մասով գործը անջատել այս գործից, քանի որ ինքը իրավական որեւէ ակնկալիք չունի եւ իրավական գնահատականներ էլ չի սպասում, միայն քաղաքական հայտարարություններ է անելու, չի հավատում այս դատարանին, չի հավատում արդարադատությանը:

Դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը միացան նաեւ տուժողների իրավահաջորդները` մարտի 1-2-ի իրադարձությունների 10 զոհերից մի քանիսի ներկայացուցիչները եւ հարազատները, ինչից հետո Մնացական Մարտիրոսյանը հեռացավ որոշում կայացնելու:

Այլ միջնորդություններ եւս սպասվում են. տուժողների իրավահաջորդները իրենց պաշտպաններ են ցանկանում ներգրավել գործում:

Պաշտպանական կողմը բազմիցս հայտարարել է, որ գործում հանցակազմ չկա:

«7-ի գործում» ներգրավված պաշտպան Հովիկ Արսենյանը դատավարության նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է. - «Ես ի սկզբանե ասել եմ, որ ակնկալիք չունեմ դատարանից: Միայն քաղաքական որոշման արդյունքում մեր պաշտպանյալները ազատ կարձակվեն»:

«Եվ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը որ այդպիսի բանաձեւի նախագիծ է ներկայացրել` ինձ համար նաեւ տարօրինակ է, որ որոշ քաղաքական այրեր հայտարարում են, որ «մենք սուվերեն երկիր ենք, նրանց ասածը չի», եւ այլն: Բայց չէ՞ որ մեր պետությունը կամովին է այդ ընդհանուր ընտանիքին անդամագրվել, եւ մենք պարտավոր ենք այդ քաղաքակիրթ ճանապարհով առաջ գնալ», - ընդգծել է փաստաբանը` հավելելով. - «Առավել եւս, որ ուղղակիորեն հայտարարվել է, որ իշխանության զավթման փորձ գոյություն չունի` այն դեպքում, որ մեր պաշտպանյալների վրա նույնիսկ դրված է` իշխանությունը զավթել են կամ նման գործողություններ են կատարել, որ քրեական գործով, միանշանակ, որեւէ փաստական տվյալ գոյություն չունի»:

Հովիկ Արսենյանը կարծում է, որ, ի վերջո, ողջամտությունը, ողջախոհությունը կհաղթանակի, եւ իրենց պաշտպանյալները ազատ կարձակվեն:

Դատավարության ինչ-որ փուլում համաներման հնարավորությանը վերաբերող հարցին փաստաբանը արձագանքել է. - «Խնդիրը այս դատավարության փուլի մասին չէ: Համաներումը վաղուց են ուշացրել, եւ դա շատ մեծ վնասներ է հասցրել թե’ մեր պետությանը, թե’ ներքին անվտանգությանը, թե’ մեր հասարակությանը: Դա հրամայական անհրաժեշտություն է»:

Իսկ դատավարության հնարավոր ժամկետների մասին հարցին Հովիկ Արսենյանը պատասխանել է. - «Ես ավելի հակված եմ նրան, որ, այնուամենայնիվ, քաղաքական որոշման արդյունքում պետք է հենց դատավարության ընթացքում կարճվի»:


Կարինե Քալանթարյան եւ Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG