Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երկիր»-ը շարունակում է քննարկել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը: Թերթը գրում է. - «Ամբողջ ինտրիգն այն է, որ իշխանությունները նույնպես դիտարկում էին համաներման հնարավորությունը: Սակայն եվրոպացիներն առաջ անցան եւ այդպիսով ոչ միայն չթեթեւացրին իշխանությունների խնդիրը, այլեւ նրանց դրեցին ավելի դժվար կացության մեջ: Քանզի եթե «7-ի գործի» դատավարությունը շարունակվի, եւ դատավճիռ չկայացվի մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը, նշանակում է երկիրը կկանգնի լուրջ ռիսկերի առաջ: Այդ դեպքում իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որպեսզի կանխեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը հունվարյան նստաշրջանի ընթացքում եւ երկրի համար ուրիշ վտանգավոր գործընթացներ: Իսկ եթե իշխանություններն ընդառաջ գնան մոնիտորինգային հանձնախմբի տրամադրություններին եւ դադարեցնեն դատական հետապնդումը «7-ի գործով», նշանակում է ընդունել հայկական դատական համակարգի անկատարությունը, թերի լինելն այն առումով, որ նրա վրա կարելի է ճնշում գործադրել դրսից: Բացի այդ, նման դեպքում կամ եթե իշխանությունները համաներում հայտարարեն «մարտի 1»-ի գործով, արմատական ընդդիմությունը կպնդի, որ դա արվել է ոչ թե բարի կամքով, այլ ստիպողաբար»:

Նույն հարցով «Ժամանակ Երեւան»-ը զրուցել է 2000 թվականին Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության ժամանակ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, այդ ժամանակ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Նա ասում է. - «Ես շատ առիթներ եմ ունեցել խոսելու եվրոպական բարձրաստիճան չինովնիկների հետ, որոնք մոտավորապես հետեւյալն էին ասում` մենք էլ ենք հասկանում իմիտացիան, թե իշխանությունները ինչ որակի են, ինչ տիպի են, բայց ընդունում ենք խաղի կանոնները` հույս ունենալով, որ գոնե այդ ճանապարհով այդ խնդիրները լուծվեն կամ` դե պետք է քիչ-քիչ առաջ գնալ»: «Կարելի՞ է ասել` այսօր փոխվել է իմիտացիան հանդուրժելու մոտեցումը», - լրագրողի այս հարցին Հովհաննիսյանը պատասխանում է. - «Ես դեռ մինչեւ վերջ հավատացած չեմ դրանում: Չնայած ներքին խոհանոցին ծանոթ լինելով` պետք է ասեմ, որ եվրոպական քաղաքական կառույցները փոխկապակցված սկզբունքով են գործում: Եթե ԵԽԽՎ-ն որոշում է կայացնում կասեցնել Հայաստանի պատվիրակության ձայնի իրավունքը, նա դա համաձայնեցնում է ԵՄ-ի, եւ ԵԽ-ի, եւ ԱՄՆ-ի հետ: Այսինքն` պիտի ընդունենք. ԵԽԽՎ որոշումը միջազգային հանրության որոշումն է»:

Թեման շարունակում է «Չորրորդ իշխանություն»-ը. - «Հայաստանի իշխանություններն ի սկզբանե խեղաթյուրում են ճշմարտությունը, եւ դա անում են շատ նրբորեն: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն, օրինակ, այսպիսի միտք է հայտնում. - «Վերջիվերջո մենք պետք է գիտակցենք, որ թեեւ պատվիրակության ձայնի իրավունքն է կասեցվում, սակայն դա պատվիրակության աշխատանքի գնահատականը չէ, այլ երկրի»: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին այդ չարաբաստիկ առաջարկն անվանում է «Հայաստանի համար ոչ բարենպաստ»: Երկուսն էլ խեղաթյուրում են իրականությունը. դա ոչ թե «երկրի գնահատականն է», այլ Հայաստանի իշխանությունների, եւ մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկն էլ համապատասխանաբար «ոչ բարենպաստ» է ոչ թե Հայաստանի, այլ իշխանությունների համար: Եվ դա, ի դեպ, բոլորն են հասկանում: Երկի՞րը պիտի ազատ արձակեր քաղբանտարկյալներին, ապահովեր հանրահավաքների ազատությունը, եթեր տրամադրեր «Ա1+»-ին, թե՞ իշխանությունները: Բոլոր պահանջներն ուղղված էին իշխանություններին, եւ եթե նրանք այդ պահանջները չեն կատարում, հենց իրենք էլ բացասական գնահատականի են արժանանում. «երկիրն» այստեղ գործ չունի»:

«Հայոց աշխարհ»-ը շարունակում է զարգացնել հեղափոխության տեսությունը. - «Հայաստանում քաղաքական կյանքը բթացել է։ Հասարակական եւ սոցիալական կառուցվածքը հասկանալի է, իսկ կյանքի աշխարհայացքային կողմը՝ ծայրաստիճան խճճված. ինչ-որ բարդ կտրտված տեղանք։ Ո՞ւր է նախկին հստակ դասակարգումը ռուսամետ եւ արեւմտամետ քաղաքական գործիչների, ազգայնականների եւ կոսմոպոլիտների, դասակարգային թշնամիների եւ դասակարգային բարեկամների, վերջապես՝ տղամարդկանց եւ կանանց։ Մեզանում հետեւյալ իրավիճակ էր ստեղծվել. կայծեր կային, Արեւմուտքը խոժոռվում էր, մրրկահավերը ամեն ինչ անում էին շարքերը համախմբելու համար, նույնիսկ խարիզմատիկ առաջնորդ հայտնվեց՝ հանձին Տեր-Պետրոսյանի։ Բայց ոչինչ չստացվեց։ Եվ փա՜ռք Աստծո։ Քանզի հեղափոխությունը վարակ է։ Ըստ որում՝ ցանկացած հեղափոխություն։ Ցանկացած գույնի։ Դրանից պետք է վախենալ, ինչպես միջնադարում մարդիկ սարսափում էին ժանտախտից։ Դրան պետք է օրենքից դուրս հայտարարել ու դատել»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. _ «Եթե վերանանք քաղաքականությունից եւ էմոցիաներից, ապա հենց իրավական առումով ամենեւին էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում «կազմակերպել զանգվածային անկարգություններ» կամ «իշխանություն յուրացնել»: Վերջին երեւույթի վերաբերյալ նույն Վահագն Հարությունյանը պարզաբանում է. - «Հանցագործությունը համարվում է ավարտված` դրան ուղղված գործողությունները կատարված կամ կազմակերպելու պահից»: Ուրեմն, եթե ես, ենթադրենք, երազում եմ դառնալ Մոնակոյի արքայազն, եւ իմ այդ երազանքի մասին հոդված եմ գրում (այսինքն` դրան ուղղված գործողություններ եմ կատարում), ինձ կարելի՞ է մեղադրել Մոնակոյի գահը զավթելու մեջ: Այդ դեպքում ոչ մի երկրում ոչ մի ընդդիմություն չպիտի պայքարի իշխանության համար: Պարոն Հարությունյանը կարծում է նաեւ, որ զանգվածային անկարգությունները կազմակերպվում են միմիայն «իշխանությունը զավթելու» նպատակով: Այստեղ, կարծում եմ, ՀԿԳ քննիչը մոլորության մեջ է: Ի՞նչ է, Հունաստանը երկու շաբաթ լարվածության մեջ պահող անարխիստ երիտասարդները ցանկանում էին իշխանությա՞ն գալ»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG