Մատչելիության հղումներ

Հովհաննես Իգիթյան. «Մոնիտորինգի հանձնաժողովում կատարվածը գնահատական է Հայաստանի իշխանությանը»


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում արտահայտված վերաբերմունքը գնահատական է ոչ թե Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը, այլ իշխանությանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ընդդիմության ներկայացուցիչ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

«Այն գնահատականները, որ Եվրախորհուրդը ունի Հայաստանի հանդեպ, արդեն բացասական են, արդեն սանկցիա է, արդեն պատիժ է, արդեն գնահատական են ռեժիմին», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը: - «Այսօր համար մեկ խնդիրը` որ Հայաստանը, քաղբանտարկյալների հետ կապված, Եվրախորհրդի անդամ 47 երկրներից ամենավատն է: Մենք այսօր Ադրբեջանից ավելի վատ վիճակում ենք գտնվում: Այն, ինչ կատարվել է Հայաստանում, այսօր Եվրախորհրդի որեւէ այլ երկրում տեղի չի ունեցել»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, իր հերթին, Մոնիտորինգի հանձնաժողովում երեկ տեղի ունեցածի կապակցությամբ իր ակնկալիքների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես ակնկալում եմ, որ մե'նք մեր երկրով զբաղվենք, մե'նք մեր խնդիրները լուծենք: Որովհետեւ սանկցիաներով ժողովրդավարություն չեն ապահովում: Մե'նք մեր հարցերը պետք է լուծենք, մե'նք մեր երկրում պետք է այնպես անենք, որ շարքային քաղաքացին իրեն պաշտպանված զգա, մենք զգանք, որ երկիրը գնում է դեպի իրավական պետություն»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG