Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Սախարովի անվան հիմնադրամի նախագահ Լեւոն Ներսիսյանի հետ: «Ձեր գնահատմամբ՝ այսօր Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ», - լրագրողի այս հարցին Ներսիսյանը արձագանքել է. - «Ստիպված եմ ձեր հարցին հարցով պատասխանել։ Իսկ Հայաստանում ընդհանրապես կա՞ քաղաքականություն։ Քաղաքականությունը նախ եւ առաջ գաղափարների, ծրագրերի պայքար է։ Հայաստանում տեսնո՞ւմ եք գաղափարների, մոտեցումների, ծրագրերի պայքար։ Երբեւէ տեսե՞լ եք, որ մեր ընտրությունները անցնեն գաղափարական, ծրագրային պայքարի, քաղաքական «դրոշի» ներքո։ Ո՛չ։ Պայքարը միայն անձերի, լավագույն դեպքում անձնավորված մոտեցումների շուրջ է՝ անձերի շուրջ համախմբված կուսակցական խմբերի միջեւ։ Որտե՞ղ էին նրանք տարիներ առաջ՝ այդ մարդիկ, որ հիմա իրենց արմատական ընդդիմություն են անվանում. բոլորը իշխանության մեջ էին, ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում կառավարման համակարգում։ Ի սեր Աստծո, նրանք ե՛ւ ժամանակ ունեին, ե՛ւ հնարավորություն՝ ցույց տալու, թե ինչի են ընդունակ»։

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադառնում է միջազգային կառույցների կոշտ մոտեցումներին Հայաստանի հանդեպ` գրելով. - «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, օրինակ, շատ ազնիվ է վարվում: Հայաստանի կառավարությունը դիմում է այդ կորպորացիային` մի քանի հարյուր միլիոն դոլար տրամադրելու խնդրանքով, նրանք էլ մանրամասն բացատրում են. այդ գումարը կտանք, եթե Հայաստանի կառավարման համակարգը ժողովրդավարական լինի, երկրում մարդու իրավունքները հարգվեն, իրական պայքար մղվի կոռուպցիայի դեմ եւ այլն: Ուզում եք, ուզեք, չեք ուզում` դուք գիտեք, բայց մեր պայմանը սա է: Նույնն էլ, ասենք, Եվրախորհրդին անդամակցելու պարագայում է: Հայաստանն ինքն է դիմել այդ կազմակերպությանն անդամագրվելու համար, նրանք էլ բացատրել են, որ սիրով կընդունեն, բայց` այս-այս-այս պայմանները պիտի կատարենք: Չեք ուզում` դուք գիտեք, բայց եթե փորձեք խաբել, պատժելու ենք»:

Եվրախորհրդի երեկվա իրադարձություններն է մեկնաբանում նաեւ lragir.am-ը. - «ԵԽ մոնիտորինգի խմբի արձագանքը Հայաստանի իրավիճակին, որ արտահայտվել է դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած նիստի ընթացքում, կարելի է ինչ-որ առումով համարել անակնկալ: Դատելով այն բանից, որ այդ առաջարկից անմիջապես ժամեր անց արձագանք է եղել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շուրթերից, կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Երեւանի համար էլ մոնիտորինգի խմբի առաջարկը եղել է անակնկալ եւ անսպասելի: Բանն այն է, որ Երեւանը կարծես թե համոզված էր, որ իրեն հաջողվում է փուլ առ փուլ համոզել Եվրոպային, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական բարեփոխումների հունով: Եվրոպան այդ ընթացքում հիմնականում լռում էր, որով փաստացի քաջալերում էր Հայաստանի իշխանությանը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ տեղի է ունեցել իրավիճակի փոփոխություն, թեեւ նաեւ անորոշ է, թե ինչպես այն կզարգանա: Գնդակը, ֆուտբոլային լեզվով ասած, այժմ Հայաստանի իշխանության դաշտում է: Իշխանությունն ունի այն խաղարկելու երկու հիմնական տարբերակ: Կամ իշխանությունը կփորձի վերջապես հիմնարար լուծում տալ ընդդիմության բանտարկված անդամների հարցին եւ կատարել երկրում քաղաքացիական ազատությունների ապահովման ուղղությամբ իրական քայլեր, կամ կրկին փորձել սակարկություն անել Եվրոպայի, կամ այսպես ասած միջազգային հանրության հետ, նորից ժամանակ շահելու ձգտումով: Այդ առումով իշխանությունն իսկապես ունի մտորելու առիթ` մնալ արտաքին, թե հայտնվել ներքին ճնշման տակ: Խնդիրը սակայն այն է, որ երբ սպառվի արտաքին ճնման պարագայում հարցերը սակարկություններով լուծելու ռեսուրսը, իսկ այդ ռեսուրսը վաղ թե ուշ անպայման կսպառվի, ապա արտաքին ճնշումը սահուն անցում է կատարելու ներքին իրողություններին եւ հանգեցնելու է ներքին ճնշման»:

«Գոլոս Արմենիի»-ն գրում է. - «Մարտի 1-ի իրադարձություններն արդեն անսքող կերպով օգտագործվում են միջազգային հանրության կողմից երկրի վրա ճնշումներ իրականացնելու համար, նպատակ ունենալով նախագահին ստիպել բանակցային գործընթացում միակողմանի զիջումների գնալու: Այսօր, 9 ամիս անց, այն հարցը, թե ում էր ձեռնտու արյունահեղությունը, մտածող հասարակության համար ունի միարժեք պատասխան. Լեւոն Տեր-Պետրոսյանը վերականգնեց իր անունը /իրեն այդպես է թվում/ իր բոլոր անօրինություններից` գաղափարական հակառակորդների հանդեպ քաղաքական ռեպրեսիաներից մինչեւ պատվիրված դատավարություններ եւ քաղաքական սպանություններ, նախկին սոցիալիստական սեփականության թալանից, սեփական ժողովրդի հանդեպ նպատակաուղղված էներգետիկ տեռորից, 1995 եւ 1996 թվականների ընտրությունների արդյունքների համատարած կեղծումից, որը համեմված էր մայրաքաղաքի փողոցներում տանկերով եւ զանգվածային ձերբակալություններով: Իսկ այսօր Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մարտի 1-ի գործով դատական պրոցեսի շուրջ պատրաստում են հերթական շոուն, նպատակ ունենալով աղմուկի միջոցով բողոքող հասարակության ուշադրությունը կրկին սեւեռել հհշական-լեւոնական կոնգրեսին»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Անտոնյանը վարույթ է ընդունել «Սատուրն Շինմոնտաժ» ՍՊԸ-ի դիմումը «Բջնի» հանքային ջրերի գործարանը սնանկ ճանաչելու վերաբերյալ: Դատարանը նաեւ «Բջնիի» սնանկության գործով կառավարիչ է նշանակել: Չխորանալով այս գործի մանրամասների մեջ` նշենք միայն, որ սրանով, օրենքի տառով առաջնորդվելու դեպքում, ԴԱՀԿ-ի լիազորությունները «Բջնիի» հարցում, պատկերավոր ասած, դադարեցվում են. ԴԱՀԿ-ն պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը: «Բջնիի» գույքի` դեկտեմբերի 19-ին նշանակված աճուրդը, ըստ «ԴԱՀԿ-ի մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքների, այլեւս չի կարող անցկացվել, մինչեւ չլուծվի սնանկության խնդիրը: Դատարանի կայացրած այս որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG