Մատչելիության հղումներ

logo-print
Ամերիկյան «Թայմ» պարբերականը Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Բարաք Օբամային հռչակել է «Տարվա մարդ»: Սպիտակ տան ապագա ղեկավարը իր վարկանիշով գերազանցել է բոլոր մրցակիցներին, որոնց թվում էին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Միացյալ Նահանգների փոխնախագահի նախկին թեկնածու Սառա Փեյլինը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն եւ այլոք:

Պարբերականի խմբագրակազմը Օբամայի ընտրությունը պայմանավորել է գլոբալ ֆինանսական ճգնաժամի այս անորոշ շրջանում Միացյալ Նահանգների ընտրված նախագահի ներկայացրած հավակնոտ ծրագրերով:

«Տարվա մարդ» մրցանակաբաշխությունը անցկացվում է 1927 թվականից եւ ամեն տարվա դեկտեմբերին «Թայմ»-ը հրապարակում է այն անձի անունը, ով, ամերիկյան հեղինակավոր պարբերականի կարծիքով, տարվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն է ունեցել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Այս տարի Բարաք Օբաման համոզիչ հաղթանակ տարավ իր հանրապետական մրցակից Ջոն ՄըքՔեյնի նկատմամբ` դառնալով Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սեւամորթ նախագահը:

2007 թվականին «Տարվա մարդ» կոչմանն արժանացել էր Ռուսաստանի նախկին նախագահ, գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում այս կոչմանն արժանացել են Ֆրանկլին Ռուզվելտը, Ադոլֆ Հիտլերը, այաթոլա Ալի Խամենեին, Բիլլ Քլինթոնը, Ջորջ Բուշը: Խորհրդային միության ղեկավարներից` երկու անգամ տարվա մարդ է ճանաչվել Իոսիֆ Ստալինը` 1939 եւ 1942 թվականներին, մեկական անգամ` Նիկիտա Խրուշչովն ու Միխաիլ Գորբաչովը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG