Մատչելիության հղումներ

logo-print

«Քաղբանտարկյալների կանանց համակարգող խումբը» քաղաքացիներին կոչ է անում մասնակցել «7-ի գործով» դատավարությանը


«Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կանանց համակարգող խումբը» Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում անձնապես մասնակցել դեկտեմբերի 19-ին մեկնարկող «7-ի գործով» դատավարությանը:

Համակարգող խմբի` այսօր տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Այդ դատավարությունը կոնկրետ գործիչներին վերաբերելուց առաջ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դատն է: Դրա ելքից է կախված ոչ միայն 21-րդ դարի հայ քաղկալանավորների անհատական ճակատագիրը, այլեւ թե ինչ երկրում է ապրելու մեզանից յուրաքանչյուրը, եւ ինչպիսի պետություն ենք ունենալու առաջիկայում»:

«Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կանանց համակարգող խումբը» Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում նաեւ «լինել զգոն եւ անձնապես մասնակցել դատավարության յուրաքանչյուր նիստին` պահանջելով արդարադատության իրականացում, այն է` բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում»:

«Հավանականությունը զրոյական եմ դիտում, որ Սերժ Սարգսյանը կգնա համաներման, որ այդ մարդիկ` այդ բոլոր քաղբանտարկյալները, ազատ արձակվեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հետախուզման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, մեկնաբանելով շրջանառվող լուրերը հնարավոր համաներման մասին:

«7-ի գործով» անցնող գործիչները, որոնք Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ակտիվիստներից են, իսկ նրանից 3-ը Ազգային ժողովի պատգամավորներ են, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով` «պետական իշխանության յուրացում», եւ 225 հոդվածի երկրորդ մասով` «զանգվածային անկարգություններ»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG