Մատչելիության հղումներ

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Թոմաս Համմարբերգը զեկույց չի ներկայացնի


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ամենայն հավանականությամբ, ներկա չի գտնվի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի այսօրվա նիստին եւ զեկույց չի ներկայացնի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Մոնիտորինգի հանձնաժողովի` այսօր Փարիզում կայանալիք նիստի ժամանակ ներկայացվելու է Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի նախագիծը:

Հայաստանյան պատվիրակությունը Փարիզ է մեկնել ամբողջ կազմով: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցում է նաեւ Ազգային ժողովի միակ ընդդիմադիր «Ժառանգության» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հուլիսին հայտարարել էր, որ չի մասնակցելու ԵԽԽՎ-ի լիագումար նիստերին, քանի դեռ Հայաստանը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Դավիթ Հարությունյանը առավել հավանական է համարում, որ նիստում Համմարբերգի գնահատականները կներկայացնեն Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն. - «Ես կարծում եմ, որ նրանք Թոմաս Համմարբերգի երկու քննարկումների հիման վրա կներկայացնեն իրենց տարբերակը»:

Միաժամանակ, հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու Համմարբերգն անձամբ չի ներկայացնելու իր զեկույցը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ներկայացվելիք զեկույցից, եւ արդյոք այն իսկապես կոշտ է լինելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Կարծում եմ, բավականին լուրջ քննարկումներ են մեզ սպասում, իսկ զեկույցի հետ կապված դեռեւս պատրաստ չեմ գնահատականներ հնչեցնել»:

Մամուլում շրջանառվող լուրերին, որ եթե հայաստանյան պատվիրակության ղեկավարին չհաջողվի զեկույցից հանել Հայաստանի համար ոչ նպաստավոր եւ կոշտ դրույթները, ապա նա ստիպված է լինելու հրաժարական տալ, Դավիթ Հարությունյանը արձագանքեց. - «Ես նախապես այդ հարցի մասին չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ»:

Ինչպես ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի մամլո խոսնակ Ստեֆանո Մոնտանարին, Թոմաս Համմարբերգը չի մասնակցի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, քանի որ մեկնում է Բելգիա` մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը այդ երկրում գնահատելու նպատակով: Նախատեսվում է, որ Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կհրապարակի եկող տարվա սկզբին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG