Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը զրուցել է հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Նա հիշեցնում է. - «Ես շեշտել եմ, որ հետընտրական զարգացումների` մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման արդյունքում մենք պիտի ունենանք երկու կարեւոր լուծված խնդիր. առաջինը` երկրում հանդուրժողականության եւ հարգանքի խորացում եւ ամրապնդում, դա ենթադրում է նաեւ քաղաքական քայլեր: Եվ, երկրորդ` նման դեպքերի չկրկնվելու դոմինանտն է, որ, այո, մենք պետք է լավ ուսումնասիրենք կատարվածը, վեր հանենք մեղավորներին: Անկախ նրանից` որ ճամբարում են, մեղավորները պիտի կրեն իրենց` օրենքով սահմանված պատիժը: Այսինքն, փակել մարտի մեկը եւ ասել, որ առհասարակ ոչինչ տեղի չի ունեցել, նշանակում է մեղք գործել հենց մարտի մեկի զոհերի հիշատակի ու մեր հասարակության ու պետության առաջ: Մյուս կողմից, նորից քաղաքականացնել խնդիրը` նշանակում է Հայաստանը վերադարձնել 2009-ի փետրվար-մարտ ամիսների իրավիճակ»:

«Հայոց աշխարհ»-ը կանխատեսում է դեկտեմբերի 19-ի դատավարության սցենարը. - «Դատարանների դահլիճներում սատանան գիտե թե ինչ էր կատարվում. միտինգներ, դատավորների եւ վկաների հասցեին փողոցային հայհոյանքներ, սուլոցներ, ծեծկռտոցներ... Դա ինչ ասես հիշեցնում էր, բացի դատավարությունից։ Դատարանների դահլիճներից ռեպորտաժները, եթե իմ կամքով լիներ, ամեն օր կցուցադրեի բոլոր հեռուստաալիքներով. այնքան ժամանակ, մինչեւ որեւէ ճշգրիտ սարք կարձանագրեր, որ հեռուստադիտողները սկսել են կարմրել ամոթից։ Իսկ գիշերները, երբ երեխաները քնած են, երկրի համար կցուցադրեի մեկ այլ սյուժե. «Յոթի գործով» դատավարությունը, որը սկսվում է դեկտեմբերի 19-ին։ Կարծում եմ, հարկ չկա նկարագրել, թե ինչ է կատարվելու այնտեղ»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Փաստն այն է, որ այսօր մեր խրամատները պատահաբար են Աղդամից արեւելք ու Հորադիզից հյուսիս անցնում: Եթե ղարաբաղյան պատերազմը ոչ թե 1992-94-ին տեղի ունենար, այլ, ասենք, 2005-07-ին, խրամատները կարող էին նաեւ Մխչյան-Արամուս-Չարենցավան գծով անցնել: Եվ որպեսզի նման բան տեղի չունենա, մենք այսօր պարտավոր ենք ուշադրություն դարձնել նաեւ այն հարցին, թե ովքե՞ր են այսօրվա Հայաստանի պատգամավորները, օլիգարխները, մտավորականները եւ այլն: Նրա՞նք են «խրամատ պահողները»: Օլիգարխների մասին չենք խոսում. ինչ-որ բաներ են ներմուծում ու վաճառում, բայց եթե իմանան, որ Ադրբեջանում տասը սենթ ավել կվաստակեն, կարող եք չկասկածել` հենց այնտեղ էլ կվաճառեն իրենց «ապրանքը»: Թե՞ խրամատ պահողները գործարար պատգամավորներն են. նրանց համար ի՞նչ տարբերություն` խորհրդարանո՞ւմ են նստած, թե՞ Ադրբեջանի Միլլի Մեջլիսում: Կոճակ սեղմել է` կսեղմեն, միայն թե իրենց բիզնեսը ծաղկի»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Ազգային ժողովի մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող հանձնաժողովում Հայաստանի ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ասել է, որ տեղյակ չէ, թե ինքն ինչու է պաշտոնանկ արվել: Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը, ով միաժամանակ զբաղեցրել է նաեւ ոստիկանապետի տեղակալի պաշտոնը, ժամանակավոր հանձնաժողովի անդամներին ասել է, թե ինքն իր ազատման մասին հուլիսի 2-ին իմացել է իր աշխատասենյակում նստած` հեռուստացույցից, երբ դիտել է լուրերի թողարկումը: Գրիգորյանը հայտարարել է, որ իրեն այդպես էլ չի պարզաբանվել, թե ինքը ինչ հիմքով է պաշտոնանկ արվել: Հարցի պատասխանը պարզելու համար Գրիգորյանն առաջարկել է այն ուղղել իրեն ազատողին` Սերժ Սարգսյանին, քանի որ նա է իրավասու Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակել եւ ազատել»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը երեկ լրագրողի հարցին, թե ղարաբաղյան կողմն արդեն ստացե՞լ է այն «տեխնիկական փաստաթուղթը», որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի համաձայն` Հելսինկիում տրվել է հակամարտող կողմերին` կարգավորման հիմքը կազմող սկզբունքների համաձայնեցման գործընթացն արագացնելու համար, պատասխանել է. - «Նման փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեռեւս չեն ստացել, սակայն որպես հակամարտող կողմ, որն այդպիսին է ճանաչվել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի համաձայն` մենք ակնկալում ենք մոտ ապագայում Մինսկի խմբի համանախագահներից ստանալ այդ փաստաթուղթը»:

«Ազգ»-ը անդրադառնում է բանակի համալրման խնդիրներին: Թերթը փոխանցում է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի տվյալները, համաձայն որոնց` 1990 թվականին ծնվել է շուրջ 40 հազար տղա: Ամեն տարի բանակ պարտադիր ծառայության է մեկնում Հայաստանի զորակոչային ռեսուրսների մինչեւ 70 տոկոսը: «30 տոկոսը ուսանողներն են, առողջության պատճառով ծառայությունից ազատվածները եւ այլն», - նշել է Հայաստանի զինվորական կոմիսար Կամո Քոչունցը: Պաշտպանության նախարարությունում հաշվարկել են, որ 7 տարուց զորակոչիկների թիվը կկրճատվի մոտ 4 անգամ: «Հայկական բանակում այսօր ծառայում է 50 հազար զինծառայող, 20 հազար էլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում: Ադրբեջանի բանակը 125 հազար է: Ադրբեջանում հաշվարկել են, որ պատերազմ սկսելու համար իրենց անհրաժեշտ է մինչեւ 200 հազար զինծառայող: Առաջիկա տարիներին նրանք իրենց բանակը կարող են հասցնել մինչեւ 140 հազարի», - ասել է Արցախյան պատերազմի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG