Մատչելիության հղումներ

Շուրջ 200 թուրք մտավորականներ երկուշաբթի օրը Ինտերնետում հայտարարություն են տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ Աղետ», իսկ տեքստի հայերեն տարբերակում` «Մեծ Եղեռն»: Հայտարարությանը արդեն միացել է 10 հազարից ավելի մարդ` աջակցություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին:

«Ես ներողություն եմ խնդրում» վերնագրված հայտարարությունում, որի հեղինակները խուսափել են «ցեղասպանություն» բառը գործածելուց, մասնավորապես, ասված է. - «Իմ խիղճը չի ընդունում, որ մենք անհաղորդ մնանք եւ ուրանանք Մեծ Աղետը [Եղեռնը], որին Օսմանյան Թուրքիայի հայերը ենթարկվել են 1915 թվականին: Ես մերժում եմ այդ անարդարությունը, կիսում եմ հայ եղբայրներիս զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»:

Ստամբուլյան «Մարմարա» հայալեզու օրաթերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ մտավորականների այս քայլը Թուրքիայում անարձագանք չի մնացել:

«Սա Թուրքիայում առաջին անգամն է, որ բացահայտորեն նման շարժում է ստեղծվում. մենք բավական զարմացանք, որովհետեւ մեծ քաջություն է պետք Թուրքիայում նման ձեռնարկ իրականացնելու համար: Եվ զարմացած էինք, որ ժողովրդի մեջ կան պատրաստ մարդիկ, որոնք նման առիթի էին սպասում հայ ժողովրդի նկատմամբ իրենց համակրանքն արտահայտելու համար», - ասաց Հատտեճյանը:

«Այս նախաձեռնությունը որեւէ մեկի դեմ ուղղված չէ», - «Ռոյթերզ» գործակալությանը ասել է նախաձեռնության հեղինակներից մեկը` թուրք հայտնի գիտնական եւ Թուրքիայի եվրաինտեգրման կողմնակից Չենգիզ Աքթարը: - «Մենք մեր անձնական ներողությունն ենք խնդրում մեր հայ եղբայրներից ու քույրերից այն բանի համար, որ այդ հարցը գրեթե 100 տարի չի քննարկվել: Բոլոր թուրքերի պարտականությունն է մտածել եւ բարձրաձայն արտահայտվել, թե ինչո՞ւ հայերն այլեւս չեն ապրում այն տարածքներում, որտեղ ապրել են 4 հազար տարի»:

Որոշ մեկնաբանների կարծիքով` հայտարարության հեղինակները դիտավորյալ են խուսափել «ցեղասպանություն» բառից եւ իշխանություններին կոչ չեն արել ճանաչել այն, որպեսզի նախաձեռնությունը չարժանանա թուրքական կառավարության խիստ հակազդեցությանը:

Թուրք ազգայնականները քննադատել են մտավորականների նախաձեռնությունը: Երկուշաբթի օրը շուրջ վեց տասնյակ թուրք պաշտոնաթող դիվանագետներ այն որակել են «անարդար, սխալ եւ ազգային շահերին հակասող»:

Այդուհանդերձ, նախաձեռնության դեմ դատական գործընթաց հարուցելու հրապարակային սպառնալիք երեկվա դրությամբ չէր հնչել:

«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, երեքշաբթի օրը մեկնաբանելով մտավորականների նախաձեռնությունը` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ամեն ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, սակայն, այսօր քննադատել է նախաձեռնությունը:

«Չեմ ընդունում սկսված արշավը եւ չեմ սատարում այն», - «Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` լրագրողներին ասել է Էրդողանը եւ հավելել. - «Այն որեւէ օգուտ չի տա` բացի տագնապներ հարուցելուց, մեր անդորրը խախտելուց եւ ձեռնարկված քայլերը ի չիք դարձնելուց»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG