Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանը շարունակում է եթերազրկված մնալ Ղրղըզստանում


Ղրղըզստանի իշխանությունները երեկ հայտարարել են, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը կշարունակի եթերազրկված մնալ, քանի դեռ ռադիոկայանի ծրագրերը չեն ներկայացվում կառավարությանը նախնական հավանության համար:

Ղրղըզստանի պետական հեռուստատեսության եւ ռադիոյի ղեկավար Մելիս Էշիմքանովը հայտարարել է, թե «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը «անչափ բացասական եւ անչափ քննադատական են», եւ վստահեցրել է, որ ռադիոկայանի եթերազրկման որոշմանը մասնակից են ղրղըզական պետության ազդեցիկ դեմքեր:

«Մինչեւ մենք չկարողանանք լսել ծրագրերը նախօրոք, մենք չենք կարող եթեր տրամադրել նրանց», - ասել է Էշիմքանովը:

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը նշել է, որ Ղրղըզստանի իշխանությունների նման քայլի հետեւանքով «Ազատություն» ռադիոկայանը կարող է հեռարձակվել բացառապես կարճ ալիքներով` առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից ի վեր:

«Անկեղծ ասած, մենք ավելին էինք սպասում մի երկրից, որը ձգտում է ապացուցել իր նվիրվածությունը բարեփոխումներին», - ընդգծել է Գեդմինը:

ԱՄՆ-ի օտարերկրյա հեռարձակումների տնօրենների խորհրդի անդամ Ջեֆրի Հըրշբերգը, իր հերթին, հայտարարել է. - «Անկողմնակալ լուրեր եւ տեղեկատվություն տրամադրելու հարցում փոխզիջում չի կարող լինել: Գրաքննության առաջարկվող պայմանները անընդունելի են»:

«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը ավելի քան 50 տարվա պատմություն ունի: Մինչեւ 2008 թվականի հոկտեմբերի 8-ը ռադիոկայանի ռադիո- եւ հեռուստահաղորդումների լսարանը կազմում էր երկրի բնակչության մոտ կեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG